«Իրատես». Հերթական անպատասխանատու և անհիմն միտքը
«Իրատես» թերթը գրում է. «Աշխարհը պայքարում է ոչ միայն կորոնավիրուսի, այլև տնտեսությունների փլուզման դեմ։ Իսկ այս ոլորտը երևի ամենաշատն է տուժում, քանի որ նրա վրա մեծ ազդեցություն ունեն ոչ միայն վիրուսը, այլև նավթի գները և համաշխարհային շուկայում կատարվող կտրուկ շարժերը։
Բայց Հայաստանն այս առումով էլ է բացառիկ։ Նիկոլ Փաշինյանն էլի իր ոճի մեջ է։ Նախօրեին նա հայտարարեց, թե կորոնավիրուսի պատճառով ստեղծված իրավիճակը ՀՀ տնտեսության համար կբացի նաև հնարավորություններ։ Բոլոր տնտեսագետները հաշվարկում են, թե ինչպես եղած ռեսուրսները չկորցնել, գոնե նախկին կայունությունը պահպանել, իսկ վարչապետը խոսում է ճգնաժամային իրավիճակում նոր հնարավորությունների մասին։
Անշուշտ, այս տրամաբանությամբ պետք է ասել, թե որքան շատ փակ սահմաններ ունենանք, օդային թռիչքների սահմանափակումներ, զբոսաշրջության իսպառ բացակայություն, այնքան մեր տնտեսության համար նոր հնարավորություններ կստեղծվեն։ ՈՒ այս խելքո՞վ եք տնտեսություն զարգացնում քիչ չէ, մի հատ էլ տնտեսական հեղափոխություն անում։ Մինչդեռ Նիկոլ Փաշինյանից լրիվ այլ բան էր սպասվում. ներկայացնել տնտեսական իրավիճակի կառավարման ճգնաժամային քայլերի հերթականությունը, ոչ թե անլուրջ ու քննադատությանը չդիմացող հայտարարություններ անել։
Այս օրերին իշխանության ներկայացուցիչներն ու աջակիցներն անընդհատ խոսում են, թե այս իրավիճակում պետք չէ իշխանությանը քննադատել, պիտի համատեղ աշխատել, հաղթահարել իրավիճակը։ Բայց չգիտես ինչու, նրանք իրենց անդամների ու սազանդարների թույնն ու մաղձը չեն տեսնում։ Բայց փոխադարձ քննադատությունը մի կողմ թողնենք, արդեն տևական ժամանակ տարբեր տնտեսագետներ նշում են, թե ինչ քայլեր պիտի անել, որ հնարավորինս նվազեցվեն տնտեսության գահավիժման ռիսկերը, որոնք առաջիկայում նկատելի են լինելու։ Նրանց լսող կա՞, թե՞ կառավարությունում բոլորն այնքան խելացի են, որ իրավիճակից նոր հնարավորություններով են ուզում դուրս գալ։ Ի վերջո, ինչու՞ այս իշխանությունը սկզբից շատ անհանդուրժող է անգամ կառուցողական քննադատությունների, խելամիտ առաջարկների հանդեպ, բայց երբ կարիքի մեջ է, ուշացած իրականացնում է այն քայլերը, որոնք նրանց ժամանակին հուշել էին։
Այնպես որ, Փաշինյանի այն հայտարարությունը, թե այս իրավիճակը տնտեսության համար նոր հնարավորություններ կբացի, հերթական անպատասխանատու և անհիմն միտքն է»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան