Նուբար Աֆեյան․ Ժողովուրդը պետք է վարժվի, այլ ոչ թե հաղթահարի կորոնավիրուսը
Հայազգի գործարար, քիմիագետ, գիտնական Նուբար Աֆեյանի Moderna ընկերության կողմից պատրաստված կորոնավիրուսի պատվաստանյութը մարտի 17-ին առաջին անգամ սկսել է անցնել կլինիկական փորձարկում։ Պատվաստանյութի փորձարկումն իրականացվում է Առողջության ազգային ինստիտուտի ֆինանսավորմամբ՝ Սիեթլում։
Այս թեմայով Նուբար Աֆեյանը հարցազրույց է տվել Լիբանանի Radio Voice of Van ռադիոկայանին։
Ինչպես ասում է Աֆեյանը, կորոնայի պատմությունը վաղուց կա, սակայն դեկտեմբերին տարածված նոր կորոնավիրուսը շատ վախեցրեց մարդկանց։ Աֆեյանը չի կիսում այն տեսակետը, որ այս վարակը ստեղծված է։
Անդրադառնալով կորոնավիրուսի պատվաստանյութին՝ Նուբար Աֆեյանն ասում է, Moderna Therapeutics ընկերությունը ստեղծվել է 10 տարի առաջ։ Ընկերության պատվաստանյութը պատրաստված է լիովին նոր տեխնոլոգիաներով։
«Տարիների ընթացքում Moderna Therapeutics-ում մոտ 2 մլրդ դոլար է ներդրվել, այսօր արդեն 8-9 հարյուր աշխատող կա ընկերությունում, որոնց մեծամասնությունը գիտնականներ են և արդեն 20-ից ավելի տարբեր դեղամիջոցներ են ստեղծվել՝ տարբեր հիվանդությունների համար՝ սրտային քաղցկեղի, իմունիտետի, որոնց մի մասը պատվաստանյութեր են»,- ասում է Աֆեյանը՝ ներկայացնելով դեղերի ստեղծման տեխնոլոգիան։
Նուբար Աֆեյանն ասում է, որ արդեն 3 տարի աշխատում են ԱՄՆ-ի Ազգային առողջապահական ինստիտուտի հետ՝ տարբեր պատվաստանյութերի ուղղությամբ, այդ թվում նաև կորոնավիրուսների, որոնք եղել են նախկինում՝ MERS, SARS, և հիմա այդ նույն խումբը սկսեց աշխատել նոր կորոնավիրուսի պատվաստանյութի վրա ու ստեղծվեց պատվաստանյութի տարբերակը։ Պատվաստանյութի փորձարկումը սկսում է պարզելով, թե արդյոք ապահով է այն։
Սակայն, Նուբար Աֆեյանն առավել տեղեկություններ չի հայտնում պատվաստանյութի վերաբերյալ, ասելով, որ իրավունք չունի։
Աֆեյանն ասում է, որ նոր կորոնավիրուսը նախորդների հետ ունի ինչպես նմանություն, այնպես էլ տարբերություններ, որը կայանում է նրանում, որ ավելի արագ է վարակում, ավելի է մահ գրանցում, քանի որ մեր իմունային համակարգը պատրաստ չէ սրան հակադրվելուն։
Իսկ թե ինչ է լինելու և որքան է տևելու, Աֆեյանը նշում է, որ սա ևս տարբեր գործոններից է կախված։ Խնդիրն այն է, որ մարդը կարող հիվանդ լինել, ուրիշներին վարակել առանց իմանալու։
«Հեռու մնալը, ձեռք լվանալը շատ կարևոր է, քանի որ որքան տարածվի այն, այդքան ավելի պրոբլեմ է դառնալու հատկապես առողջապահության համար»,-ասում է Աֆեյանը։
Իսկ թե որքան կտևի, ասում է, տարբեր մոդելներ կան, իսկ ըստ իրեն, այս առաջին ալիքը կարող է 3 ամսից ավել տևել ու վարակել մի քանի հարյուր հազար մարդկանց։
«Ժողովուրդը պետք է վարժվի, այլ ոչ թե հաղթահարի կորոնավիրուսը, ինչպես օրինակ գրիպն է, որ ընդունում ենք, որ հիվանդություն է, որ ամեն տարի պետք է անցնի ժողովրդի միջով, որից, օրինակ ԱՄՆ-ում մի քանի տասնյակ հազար մարդիկ մեռնում են տարեկան։Կարծում եմ նոր կորոնան այս ճակատագիրն ունի»,-ասում է Աֆեյանը, հավելելով, որ կարծում է, որ այն չի վերանալու, այլ կլինի պատվաստանյութ, ինչպես գրիպի։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան