«Ցեմենտի արտադրության ծավալները 2 խոշոր գործարաններից միայն 1-ում են ավելացել, մյուս գործարանն ավելի մեծ խնդիրների առաջ է կանգնած»
«Նախորդ տարի խորհրդարանը սահմանել է 14 հազար դրամ պետտուրք 1 տոննա ցեմենտ ներկրելու համար։ Վերոնշյալ օրենքը պետք է գործեր մինչև 2020 թվականի ապրիլի 1-ը, սակայն կառավարությունը առաջարկում է այդ ժամկետը երկարաձգել մինչև հուլիսի 1»,- ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը:
Հանձնաժողովը քննարկում է «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը։
Ավանեսյանի խոսքով, ներկայումս Իրանից և այլ երկրներից եկող ցեմենտի գները անբնական ցածր են, ինչը պայմանավորված է ռիալի զգալի արժեզրկմամբ ու Իրանի նկատմամբ տարբեր սանկցիաների կիրառման հետևանքվ տնտեսական մոդելի փոփոխությամբ։ Բացի այդ Իրանի տնտեսությունն այս պահին անկում է ապրում, ինչի արդյունքում ցեմենտի և կլինկերի ներքին պահանջարկը անկում է ապրել։
«Այդ պատճառով սահմանվեց պետական տուրք, որ այդ Իրանում տեղի ունեցող վերոնշյալ ժամանակավոր երևույթներից օգտվի Հայաստանը, և տնտեսական կառուցվածքը պաշտպանելու նպատակով որոշվել է բալանսավորել համակարգը՝ տնտեսվարողների համար ստեղծելով մրցակցային պայմաններ։ Եվ քանի որ Իրանում իրավիճակը շարունակում է մնալ նույնը, ուստի մենք առաջարկում ենք սահմանված տուրքի ժամկետը երկարաձգել մինչև հուլիս ամիս»,- ասաց Ավանեսյանը։
Էկոնոմիկայի փոխնախարարը նշեց, որ տուրքի սահմանումից հետո ցեմենտի ներկրումը որոշակիորեն կայունացել է, այն որոշակիորեն դանդաղել է, բայց չի վերածվել 0-ի.
«Շուկան որոշակի բալանսի եկավ։ Խնդիրը նրանից եկավ, որ մենք կլինկերի վրա զգալի ներմդրում ունեցանք, բայց ներկայիս դրությամբ այդ ներմուծման ծավալները շատ չեն։ Մեր նպատակներից մեկն այն էր, որ այդ ծավալներն ավելանան, սակայն ցեմենտի արտադրության ծավալները երկու խոշոր գործարաններից միայն մեկում են ավելացել, մյուս գործարանն ավելի մեծ խնդիրների առաջ է կանգնած։ Հիմա ըստ այդմ առաջարկում ենք այս տուրքի կիրառումը երկարաձգել, որպեսզի շուկայում մոնիթորինգ անենք և մոտավորապես մեկ-երկու ամսվա ընթացքում լրացուցիչ գործիքակազմ ներկայացնել»։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը հետաքրքրվեց՝ Իրանից ցեմենտի ներկրման ծավալները ավալացե՞լ են, և նոր արտադրողներ ի հայտ ելե՞լ ե, թե՞ էլի նույն խաղացողներն են։
Պատասխանելով պատգամավորի հարցին՝ Ավանեսյանը նշեց՝ մինչև տուրքի կիրառումը և դրանից հետո եղել է ցեմենտի ներկրաման դանդաղում, օրինակ, 2018 թվականի սեպտեմբերի նկատմամբ 2019-ի սեպտեմբերին ներկրումը նվազել է 8%-ով։
«Մենք ամսական 10-20 հազար տոննա ցեմենտ ենք ներմուծում, հիմա միջին ամսականը 3-4 տոկոսով իջել է։ Բայց դրա փոխարեն մենք սկսել ենք ավելի շատ կլինկեր բերել։ Նոր արտադրղներ ի հայտ չեն եկել, դա երկար պրոցես է, և միայն էքսպերտների պատրաստումը կարող է 8-10 տարի տևել, իսկ սարքավորումներ բերելն էլ բավականին երկար է։ Ավելացել են միայն կլինկեր աղացողները»,- ասաց Ավանեսյանը։
Հարակից հրապարակումներ`
- Իրանից ցեմենտ ներկրողները կշարունակեն տուրք վճարել մինչև հուլիս
- Տեղական ցեմենտ արտադրողին օժանդակող նախագիծը դեռևս չի ծառայում նպատակին. ՏԶՆԿ