«Փաստ». Հայաստանում ներկայիս ԱԺ-ն ունի՞ այն դերակատարությունը, ինչպիսին պետք է ունենա խորհրդարանական հանրապետության օրենսդիր մարմինը
«Փաստ» թերթը գրում է. «Խորհրդարանական կառավարման համակարգին անցած Հայաստանի քաղաքական կյանքում առաջնային դերակատարությունը պետք է ստանձներ խորհրդարանը։ Այն ենթադրում է, որ երկրի համար առանցքային նշանակություն ունեցող հարցերը պետք է դառնան ԱԺ-ի քննարկման առարկա։ Սակայն քննարկման հանգամանքը դեռ քիչ է։ Այնտեղ պետք է ծավալվեն հիմնական քաղաքական բանավեճերը և ընդունվեն հասարակության համար օպտիմալ և արդյունավետ որոշումները։
Խորհրդարանական կառավարման համակարգի առավելություններից է այն, որ կարևորագույն որոշումներ ընդունելու ժամանակ խորհրդարանում առկա բոլոր քաղաքական ուժերին մասնակցության հնարավորություն է տրվում, այսինքն` նույնիսկ նվազագույն քվե ստացած և երկրի բնակչության փոքր հատվածը ներկայացնող քաղաքական ուժերը նույնպես հնարավորություն են ունենում մասնակցելու երկրի համար կարևորագույն որոշումներ ընդունելու գործընթացին:
Բացի այդ, խորհրդարանական հանրապետության դեպքում երկրի համար կարևորագույն որոշումներ ընդունելու գործընթացն ավելի ծավալուն և մանրակրկիտ է լինում, քանի որ այս դեպքում ընդունվելիք որոշումների վերաբերյալ իրենց կարծիքներն են արտահայտում տարբեր քաղաքական ուժեր, և տարաբնույթ մոտեցումների արդյունքում ընդունվում է առավել նպատակահարմար որոշում:
Բայց հարց է, թե արդյոք Հայաստանում ներկայիս ԱԺ-ն ունի՞ այն դերակատարությունը, ինչպիսին պետք է ունենա խորհրդարանական հանրապետության օրենսդիր մարմինը։ Օրենսդրական առումով մեր երկրում խորհրդարանը լուրջ լիազորություններ է ստացել, սակայն փաստացի պառլամենտի դերը արդի պայմաններում երկրորդական նշանակություն է ստացել։
Նախ՝ դա պայմանավորված է նրանով, որ խորհրդարանը քաղաքական մեծամասնության տեսակետից լիովին չի արտահայտում հանրության շրջանում առկա տրամադրությունները, քանի որ այն ըստ էության ձևավորվել է էյֆորիայի պայմաններում, իսկ ներկայումս ներքաղաքական էյֆորիան արդեն անցյալում է։ Իսկ երբ Ազգային ժողովը չի արտացոլում հանրության տրամադրությունները, ապա փոքրանում են նաև հանրության ակնկալիքները օրենսդիր մարմնից։
Դրանով է պայմանավորված, որ քաղաքացիները իրենց հարցերի ու խնդիրների լուծումը կապում են գլխավորապես կառավարության և վարչապետի հետ՝ թեկուզ դրանց համար անհրաժեշտ լինի օրենսդրական մեխանիզմների կիրառում, որի հարցում ԱԺ-ն ունի առաջնային մանդատ։
Էլ չենք խոսում, որ ԱԺ-ի դոմինանտ ուժի մեծամասնությունը չունի քաղաքական ուղեգիծ. այստեղ շատ են իրենց դիրքին բացարձակ անհամապատասխան անձինք և հանրությանը անհայտ գործիչներ, որոնք վարչապետ Փաշինյանի վարկանիշի ազդեցության ներքո դարձել են պատգամավորներ։ Հիմա այսպիսի պայմաններում խորհրդարանը ինչպե՞ս կարող է առաջնային դերակատարություն ունենալ երկրի ներքաղաքական կյանքում։ Դրա համար էլ շատ հաճախ խոսք է գնում, թե Հայաստանում հաստատվել է սուպերվարչապետական համակարգ։
Իսկ խորհրդարանականների մասնագիտական ու քաղաքական որակների հարցը լիովին առանձին թեմա է»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում: