Ֆեյսբուքը սխալ արգելափակում է լրատվական նյութերը` կորոնավիրուսային համաճարակի վերաբերյալ և ոչ միայն
Ֆեյսբուքն արգելափակում է օգտատերերի տարածած պաշտոնական ու օրինական հոդվածները՝ կորոնավիրուսի վերաբերյալ, կարծես, իր սպամի զտիչների սխալի պատճառով։ Այս մասին գրում է Business Insider-ը։
Նախօրեին, Facebook-ի մի քանի օգտատերեր Twitter-ում հայտնել են, որ չեն կարողանում տարածել հոդվածներ կայքերից, ինչպիսիք են նաև Business Insider-ը, BuzzFeed-ը, The Atlantic-ը և Times of Israel-ը:
Նշվում է, որ COVID-19 համաճարակի պատճառով Facebook-ն իր բովանդակության վրա աշխատողներից շատերին տուն է ուղարկել, ասելով, որ դրա փոխարեն ավելի շատ ապավինելու են ավտոմատացված ծրագրակազմին: Ֆեյսբուքի անվտանգության նախկին գործադիր ղեկավար Ալեքս Ստամոսը ենթադրում է, որ այդ փոփոխությունը կարող է լինել մեղավորը:
«Facebook- ը նախօրեին իր բովանդակության մոդերատորներին ուղարկեց տուն, որոնք, ընդհանուր առմամբ, չեն կարող աշխատել տնից՝ ընկերության կողմից սահմանված գաղտնիության պարտավորությունների պատճառով: Մենք տեսնում ենլ, որ «machine learning»-ը ճաքեր է տալիս՝ առանց մարդկային վերահսկողության»,-թվիթերում գրել է Ստամոսը:
Ֆեյսբուքը հերքեց, որ այդ սխալը կապված է իր բովանդակության մոդերատոր աշխատուժի փոփոխության հետ:
Իր Twitter-ում ֆեյսբուքի ներկայացուցիչ Գի Ռոզենն ասել է, որ աշխատում են խնդրի վրա ու այն հակա-սպամային համակարգի հետ է կապված, և որ բոլոր սխալմամբ արգելափակված գրառումները կվերականգնվեն։
Նշենք, որ ֆեյսբուքը նախօրեին արգելափակել էր նաև Panorama.am-ի 2 գրառումները՝ մեկը կորոնավիրուսի հետ կապված ՌԴ դեսպանության՝ ՀՀ քաղաքացիների մուտքի արգելքի մասին, մյուսը, որը կապ չուներ կորոնավիրուսի հետ, այլ հենց ֆեյսբուքի ու սոցիալական ցանցերի կողմից մարդկանց վարքագծի ուսումնասիրման վերաբերյալ BBC-ի պատրաստած վավերագրական ֆիլմի մասին։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան