«Հայաստան» հիմնադրամը նախաձեռնում է համահայկական դրամահավաք՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համար
«Հայաստան» համահայկական հիմնադրամը, միանալով COVID-2019 համաճարակի դեմ մղվող պայքարին, ձեռնարկում է դրամահավաք։ Այս մասին տեղեկանում ենք հիմնադրամի տարածած հաղորդագրությունից:
«Նոր կորոնավիրուսի COVID-19 համաճարակի տարածմամբ, միջազգային հանրությունը համախմբվում է և համապատասխան գործողություններ ձեռնարկում։ Ինչպես քաջ հայտնի է, ճգնաժամերի ընթացքում համայն աշխարհի հայությունը միշտ համախմբվել է մեկ նպատակի շուրջ՝ օգնելու միմյանց և իրենց հայրենիքին։
ՀՀ կառավարությունը և առողջապահության նախարարությունը քաղաքացիներին պարբերաբար թարմացվող տեղեկատվություն է տրամադրում ինչպես ներկայիս իրավիճակի, այնպես էլ վարակի տարածման հետագա աճը կանխելու համար անհրաժեշտ քայլերի մասին։
Մեր բուժաշխատողները ևս, վտանգելով սեփական կյանքը, անձնվիրաբար և ջանասիրաբար աշխատում են պացիենտներին օգնելու և վարակի հետագա տարածումը կանխելու նպատակով։
Վարակի էքսպոնենտալ աճի հնարավորությամբ պայմանավորված՝ առողջապահության ոլորտին անհրաժեշտ է համայն հայության աջակցությունը։ Այդ իսկ պատճառով, «Հայաստան» համահայկական հիմնադրամը ստացված նվիրատվությունները կհամախմբի և այս նախաձեռնության ընթացքում հավաքագրված ամբողջ գումարը կուղղի առողջապահության ոլորտին անհրաժեշտ բժշկական պարագաների տրամադրմանը, ինչպես նաև այն ընտանիքներին, որոնք ստեղծված իրավիճակին դիմակայելու կարիք ունեն։
Դրամահավաքի առցանց հարթակը ՝https://www.himnadram.org/hy/global-mobilization-of-armenian-resources-against-the-covig-19-pandemic»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան