Եթե լրագրողները ձեռքի տակ ունեն ինֆորմացիա, որը չի համընկնում պաշտոնական տեսակետին, պարտավոր են դա հրապարակել. Արա Ղազարյան
Արտակարգ դրության մասին որոշման ԶԼՄ-ների մասով դրույթը չի կարող մանրամասն լինել, քանի որ փորձում են կարգավորել չափազանց լայն ոլորտ, «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Արա Ղազարյանը:
Նրա կարծիքով այստեղ կա իրավական անորոշություն և չէր էլ կարող չլինել, քանի որ, մասնագետի խոսքով, նման որոշումների մեջ հնարավոր չէ մանրամասն սահմանել բոլոր սկզբունքները, այսինքն դա թողնում են կիրառողի վրա:
«Դա կոնկրետ իրավիճակից ելնելով կարելի է որոշել` հաշվի առնելով անպայման լրագրողական ազատությունը, որովհետև հարցը հանրային հետաքրքրություն ներկայացնող թեմայի վերաբերյալ է»,-ասել Արա Ղազարյանը:
Վերջինս նկատել է` որպես խախտում վարչական տույժ է սահմանված 500-800 հազ. դրամը, ինչն իր կարծիքով անհանգստացնող է. «Այսինքն մենք ունենք իրավական անորոշություն և ունենք բավականին խիստ վարչական տույժ: Ուրեմն պետք է տեսնենք, թե կոնկրետ կիրառությունն ինչպես է լինելու: Նա, ով վարչական ակտ պետք է կայացնի, պետք է պատճառաբանի դա` հաշվի առնելով լրագրողական ազատությունը»։
Դիտարկմանը` ինչպես են գնահատելու` որն է խուճապ առաջացնող տեղեկատվություն և որը` ոչ, Արա Ղազարյանն արձագանքել է` այս նորմով հնարավոր չէ գնահատել: Կոնկրետ իրավիճակով կա՛մ վարչական մարմինը պետք է գնահատի` հաշվի առնելով լրագրողական ազատությունը, կա՛մ էլ դատարանը, եթե գործը, իհարկե, դատարան մտնի: Ընդ որում` որոշում կայացնելիս վարչական մարմինը պետք է հաշվի առնի ինֆորմացիայի բնույթը, ինչ նպատակ էր հետապնդում լրագրողը, ինչ միջոցներ է օգտագործել, արդյոք լրագրողն իր սեփական քննությունն է կատարել, թե ոչ և արդյոք նշել է նաև պաշտոնական աղբյուրները, թե ոչ:
«Եթե լրագրողները ձեռքի տակ ունեն ինֆորմացիա, որը չի համընկնում պաշտոնական տեսակետին, պարտավոր են դա հրապարակել, որովհետև դա բխում է հանրային շահից: Եվ դրա համար չի կարելի պատասխանատվության ենթարկել»,-նշել է Արա Ղազարյանը:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
Հարակից հրապարակումներ`
- Արտակարգ դրության իրավական ռեժիմի խախտման դեպքում ԶԼՄ-ները կենթարկվեն վարչական պատասխանատվության
- «Արտակարգ իրավիճակ, թե արտակարգ դրություն». Գևորգ Դանիելյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան