Կորոնավիրուսը՝ ոխերիմ հակառակորդներ Իսրայելի և Պաղեստինյան ինքնավարության համագործակցության պատճառ
Կորոնավիրուսի ազդեցությամբ աշխարհն ավելի բարի է դարձել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Արմեն Պետրոսյանը։
Նա նշել է, որ կորոնավիրուսի համավարակից բխող սպառնալիքն ավելի միասնական է դարձրել աշխարհը։ Այն իր խաղաղեցնող ազդեցությունն է ունեցել անգամ աշխարհի ամենապայթյունավտանգ տարածաշրջանի՝ Մերձավոր Արևելքի վրա։
«Ոչ միայն տարածաշրջանի ռազմական լարվածությունն է աննախադեպ ցածր մակարդակի հասել, այլև արձանագրվում է դարձյալ աննախադեպ կարևոր համագործակցություն ոչ վաղ անցյալում անգամ փոխադարձ թշնամական դիրքորոշում ունեցող դերակատարների միջև։
Մասնավորապես, մարտի 16-ին ԱՄԷ-ն 32 տոննա դեղորայքով, բժշկական սարքավորումներով և պարագաներով բեռնված 2 ինքնաթիռ հումանիտար օգնություն է ուղարկել տարածաշրջանում համավարակից ամենից շատ տուժած Իրան, ավելի վաղ Աբու Դաբին նման աջակցություն էր ցուցաբերել Թեհրանին՝ ԱՀԿ-ի միջոցով»,- գրել է Պետրոսյանը։
Ըստ նրա, հարկ է հիշեցնել, որ արդեն մի քանի տասնամյակ է՝ այս երկրների միջև շարունակվում են քաղաքական և տարածքային խորը հակասությունները։
«Համագործակցության մյուս կարևոր օրինակը ոխերիմ հակառակորդներ Իսրայելի և Պաղեստինյան ինքնավարության միջև է։ Մարտի 18-ին կողմերի ղեկավարների ունեցած հեռախոսազրույցի արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել վարակի դեմ պայքարի համատեղ օպերատիվ շտաբ ձևավորելու շուրջ։ Իսկ Իսրայելը շարունակում է բժշկական ուղղվածության համակողմանի աջակցություն ցուցաբերել ինքնավարությանը։ Ինչ խոսք, մահաբեր վարակից բխող սպառնալիքները համամարդկային են։ Դրանք տարբերություն չեն դնում պետությունների, ազգությունների, ռասաների, կրոնադավանական և սոցիալական խմբերի միջև։
Մինչդեռ, իհարկե, մեծ է կասկածը, որ այս համամարդկային միասնությունը կարող է շատ արագ ի չիք դառնալ համավարակը հաղթահարելուց հետո»,- գրել է Պետրոսյանը։
Հարակից հրապարակումներ`
- Իսրայելում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 427-ի
- Թրամփի իսրայելա-պաղեստինյան «խաղաղության ծրագիրը» երկարատև պատերազմի բաղադրատոմս է. Հարութ Սասունյան
- Պաղեստինը «դարի հարցը» կքննարկի Արաբական պետությունների լիգայում
- Պաղեստինը Իսրայելի դեմ հայց է ներկայացրել միջազգային դատարան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան