Փաշինյանը հրապարակել է՝ քանի օրվա ուտելիք կա Հայաստանում
Կառավարության այսօրվա նիստում անդրադառնալով պարենային ապահովվածության հարցին՝ վարչապետը նշել է, որ այդ առումով խնդիրներ չկան։
«Հիմա իմ ձեռքի տակ տեղեկանք է, որը վկայում է՝ մենք սննդի բավականին լավ պաշարներ ունենք: Օրինակ՝ շաքարավազի 201 օրվա պաշար ունենք երեկ չէ առաջին օրվա դրությամբ, հավի մսի 64 օրվա պաշար ունենք, ձեթի՝ 38 օրվա պաշար ունենք: Բայց միևնույն ժամանակ իմ ձեռքի տակ տեղեկանք է, որ երեկ՝ միայն ամսի 18-ին 38 բեռնատար սննդամթերք է մուտք գործել Հայաստան, այդ թվում՝ 18 տոննա ձեթ, 220 տոննա շաքար, 145 տոննա ցորեն, 15 տոննա հրուշակեղեն, 20 տոննա սիսեռ և այդպես շարունակ՝ արևածակի սերմ, դդմի սերմ, սառեցված միս, նույնիսկ՝ կարտոֆիլ: Եվ ուզում եմ ասել, որ լիարժեք ապահովված ենք նաև վառելիքով՝ բենզինով և դիզելային վառելիքով և ներմուծվում էլ է»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:
ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը զեկուցել է, որ, մասնավորապես, հանրապետությունում բենզինի առնվազն 3 ամսվա, իսկ դիզելի՝ 1,5 ամսվա պաշար կա: