Գյուղատնտես. Տեղումներն ուղղակի անհրաժեշտ էին
Վերջին օրերին ջերմաստիճանի կտրուկ անկումն ու առատ տեղումները բացասական ազդեցություն չեն ունեցել գյուղատնտեսության վրա, դրանք խիստ անհրաժեշտ էին։ Panorama.am-ի հետ զրույցում նման համոզմունք հայտնեց գյուղատնտես Գառնիկ Պետրոսյանը։
Միակ մտահոգությունն այն է, որ հողի խոնավության պատճառով գյուղատնտեսական աշխատանքները՝ խաղողի այգիների էտը, չոր կապը մի քանի օր ուշ կսկսեն, բայց արևոտ եղանակի դեպքում գյուղացիները դա էլ կհասցնեն։
«Բացասական երևույթներ այս պահի դրությամբ չեն նկատվել։ Տեղումները ոչ միայն ցանկալի էին, այլևս պահանջված։ Հողը չոր էր, հատկապես Արարատյան դաշտում ցորենի ցանքատարածությունները ճնշված վիճակում էին գտնվում խոնավության պակասի պատճառով։ Տեղումները միանշանակ բարենպաստ ազդեցություն կունենան»,-բացատրեց մասնագետը՝ հույս հայտնելով, որ առաջիկայում էլ տեղումները կշարունակվեն։
Արդյո՞ք առատ տեղումները բացասաբար չեն ազդի արդեն ծաղկած ծիրանենիների վրա։ Գառնիկ Պետրոսյանն այս առումով էլ այս պահի դրությամբ անհանգստություն չունի։
Հաշվի առնելով դիտված և կանխատեսվող եղանակային պայմանները, մասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկները՝ ծիրանենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում սպասվում է մարտի 20-24-ն ընկած ժամանակահատվածում: Այսինքն, այս պահին ծառերի մեծ մասը դեռ ծաղկած չէին։
Իսկ ԱԻՆ կանխատեսումների համաձայն, մարտի 19-ից սպասվում է արևոտ ու պայծառ եղանակ ու ջերմաստիճանի տևական բարձրացում։
«Սա կնպաստի ծիրանենու փոշոտմանը, մեղուն կսկսի աշխատել։ Բացարձակապես անհագստանալու առիթ այս պահի դրությամբ չեմ տեսնում։ Ավելին, երբ օդի հարաբերական խոնավությունը բարձր է, դա ավելի է նպաստում թե ծաղկմանը, թե փոշատման պրոցեսին»,-նշեց մասնագետը։
Հաջորդ կարևոր գործոնն այն է, որ այն շրջաններում, որտեղ ծաղկել է ծիրանենին, գիշերը զրոյից ցածր ջերմաստիճան չի գրանցվել, հետևաբար ծաղիկը չի վնասվել, կենսունակ է։
Ձյուն է տեղացել լեռնային ու բարձրադիր շրջաններում, որտեղ այս պահին ակտիվ կենսական պրոցեսներ չկան, հետևաբար Գեղարքունիքում էլ, Լոռիում էլ, Շիրակում էլ ծառատեսակների համար որևէ վտանգ այս պահին չկա։
Գառնիկ Պետրոսյանը միաժամանակ հիշեցնում է, որ մինչև ապրիլի 23-25-ն ընկած հատվածում էլ ցածրադիր գոտիներում մտահոգվելու առիթներ հնարավոր է լինեն, նման դեպքեր նախորդ տարիներին եղել են։
«Եթե ամփոփելու լինեմ, պետք է ասեմ, փառք աստծո, այս պահի դրությամբ մտահոգվելու առիթ չունենք, ամեն ինչ նորմալ ընթացքով գնում է»,-ասաց նա։
ԱԻ նախարարության հրապարակած կանխատեսումների համաձայն, մարտի 19-ի ցերեկը, 20-21-ն առանձին շրջաններում, 22-ի գիշերը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում ձյան տեսքով, հովտային շրջաններում անձրևի տեսքով, հնարավոր է նաև ամպրոպ։ Մարտի 22-ի ցերեկը, 23-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ։
Օդի ջերմաստիճանը մարտի 19-ի ցերեկվանից մինչև մարտի 24- ն աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում