Երևանի քաղաքապետի բառապաշարը՝ «գլուխն եմ կտրելու», «ժողովրդի դավաճան»
«Այլևս չկան ընկերություններ, որոնք մշտապես տենդերներ են շահում, և դա նոր իրողություն է»,- Երևանի ավագանու նիտի ընթացքում Երևանի 2019 թվականի բյուջեի հաշվետվության ներկայացման ընթացքում ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։
Քաղաքապետը նշեց, որ նախորդ տարի քաղաքապետարանը որոշել է՝ տենդերները պետք է լինեն թափանցիկ, բոլորի համար։ Նա նշեց, որ քաղաքապետարանի վարչություններում մարդիկ կային, ովքեր անգամ տեխնիկական բնութագիր գրելու ձևը չգիտեին։
«Ինչո՞ւ։ Քանի որ դրա կարիքը չի եղել։ Ի՞նչ մրցույթի մասին էր խոսքը, եթե պարզ էր՝ էս մարդն է կրելու, մշտական ունի 10 տարվա։ Ու մարդկանց՝ տեխնիկական բնութագիր գրելու ունակությունը կորել էր։ Ընկերությունը եկել է, մասնակցել ու կրել է։ Ու նախորդ տարի քաղաքապետարան էին գալիս ընկերություններ, որոնք տեխնիկական բնութագրի մասին տեղյակ չէին, կամ մոտավոր պատկերացումներ ունեին։ Եվ շատ ընկերությունների մենք տվեցինք հնարավորություն, բայց դրանք չկարողացան տակից դուրս գալ։
Մենք այդ ընկերություններին գցեցինք սև ցուցակ, բայց միաժամանակ ունեցանք չկատարված աշխատանք»,- ասաց Մարությանը՝ մեկնաբանելով Երևան քաղաքի 2019 թվականի բյուջեի 30% թերակատարումը։
Երևանի քաղաքապետը մեջբերեց չինական առակ՝ ըստ որի, ամենավատը փոփոխությունների օրոք ապրելն է, քանի որ դա ամենադժվար ժամանակն է.
«Մենք գնալու ենք 100 տոկոսանոց թափանցիկության։ Անցած տարի մենք բացեցինք, ազատեցինք շուկան, հավասար պայմաններ ստեղծեցինք։ Եկան մարդիկ, ովքեր գաղափար չունեին այդ աշխատանքից, ասացին՝ կարող ենք անել, բայց չկարողացան։ Մեր չկատարումները նաև նրա արդյունքն են, որ մենք չենք ընդունել վատ աշխատանքը։ Էդ գումարը չկորավ, այն մնաց, դա երևանցիների գումարն է։ Դա չի կորելու կատարողականի տոկոսը բարձր ցույց տալու համար»։
Մարությանը վստահեցրեց՝ քանի քաղաքապետ է, ինքը լինելու է համակարգային փոփոխությունների «գարանտը»։
«Գլուխն եմ կտրելու այն մարդու, ով կոռուպցիայով զբաղվի։ Կներեք, որ էսպես կոպիտ եմ ասում, բայց ժողովուրդը վստահել է մեզ։ Եվ եթե մեկը մտածում է՝ կարող է դավաճանել ժողովրդին, ամենավատ պատասխանն է ստանալու ժողովրդի, և որպես քաղաքապետ՝ իմ կողմից։ Ամեն ինչը պետք է լինի ազնիվ, քանի որ ժողովուրդը մեզնից դա է սպասում և արդյունք է ուզում տեսնել։ Երկուսն էլ լինելու է, բայց էս դժվար ճանապարհը պետք է անցնենք միասին, սխալներ թույլ տալով ու դրանք շտկելով»,- եզրափակեց իր խոսքը Հայկ Մարությանը՝ այդպես էլ չհասկանալով, որ նույն բանը կարելի է ասել առանց գռեհիկ բառապաշարի, ու կոնկրետ դեպքերով, ոչ թե «ժողովրդի դավաճան» սթայլով։