Ինչո՞ւ Երևանի քաղաքապետարանը ձեռք չի բերել խոստացված 100 ավտոբուսները. Խաժակյան
«Ինչո՞ւ Երևանի քաղաքապետարանը ձեռք չի բերել խոստացված 100 ավտոբուսները»,- Երևանի ավագանու նիստի ընթացքում նման հարց հնչեցրեց ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը՝ խոսքն ուղղելով փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանին։
Խաժակյանը մասնավորապես նշեց, որ Երևանի ավագանու նախորդ նիստի ընթացքում քաղաքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչներն ասել են՝ նախատեսվում է ձեռք բերել շուրջ հարյուր ավտոբուս, և մինչև փետրվարի ավարտ պետք է գնումը հայտարարված լինի. «Որքանով տեսնում եմ՝ գնումը չի կատարվել։ Ինչու չի կատարվել այդ խոստումը։ Ի՞նչ գործընթաց կա տրանսպորտային համակարգի ներդրման հարցով»։
Պատասխանելով հարցին՝ քաղաքապետ Հայկ Մարությանը նշեց՝ խոսքը տենդերի մասին էր, այլ ոչ թե գնման։ Պետք է մրցույթ հայտարարվեր։
Փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանն էլ նշեց, որ տեխնիկական հանգամանքներից ելնելով մրցույթը չի հրապարակվել։
«Բայց երեկ արդեն մասնագետների հետ խոսակցություն է եղել, և հաջորդ շաբաթվա վերջում մրցույթը կհրապարակվի։ Զուտ տեխնիկական պատճառներ են եղել. հնարավորություն չեղավ էքսպերտներին հյուրընկալել Երևանում»,- ասաց Սարգսյանը։
Հայկ Մարությանն էլ հավելեց՝ այն էքսպերտները, որոնք պետք է ժամանեին Երևան, և վերջնական շտկումներ անեին, կորոնավիրուսի տարածման պատճառով չեն կարողացել գալ։
«Այժմ գործընթացն իրականացվում է օնլայն տարբերակով, որը փոքր-ինչ ավելի երկար է տևում։ Բայց մոտակա ժամանակում տենդերը կհայտարարվի»,- տեղեկացրեց Մարությանը։