Տասնյակ բուլղարացի բժիշկներ ազատման դիմումներ են գրել՝ COVID-19 ճգնաժամի պայմաններում
Տասնյակ բժիշկներ և բուժքույրեր ազատման դիմումներ են ներկայացրել Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայի երկու հիվանդանոցներում այն բանից հետո, երբ նրանց ասել են, որ պետք է բուժեն COVID-19-ով հիվանդներին:
Բուժաշխատողներն ասում են, որ նրանց չեն տրամադրվել պաշտպանիչ հանդերձանք և սարքավորումներ` պատշաճ խնամք ապահովելու համար։ Սա տեղի է ունենում օրեր անց, երբ Բուլղարիայի խորհրդարանը երկրում արտակարգ դրություն սահմանեց:
Բժիշկ Կամելյա Բաչովսկան՝ Սոֆիայի երկրորդ քաղաքային հիվանդանոցից, «Ալ-Ջազիրա»-ին ասել է, որ նա և ևս 84 գործընկերներ հրաժարական են տվել, երբ իմացել են, որ իրենց հիվանդանոցը փոխարկվելու է՝ COVID-19-ով հիվանդներին ընդունելու համար:
«Հոսպիտալը չունի բավարար պաշտպանիչ հանդերձանք, և միայն մեր հիվանդանոցը չէ, որ չունի: Մնացածը նույնպես չունեն: Այսինքն, Բուլղարիայի գրեթե յուրաքանչյուր բժիշկ հիվանդանալու վտանգի տակ է», - ասել է բժիշկը:
Դոկտոր Բաչովսկան նաև ասել է, որ բուժհաստատության բժիշկների և բուժքույրերի մեծամասնությունը ռիսկային գոտում է՝ մոտ է կենսաթոշակային տարիքին կամ արդեն աշխատում է թոշակի անցած, և վախենում են բուժել հիվանդներին՝ առանց պատշաճ պաշտպանված լինելու: