Թեհմինա Վարդանյանը «դեղին քարտ» տվեց Հայկ Մարությանին
«Երևանի 2019 թվականի բյուջեի 30% թերակատարման հետ կապված որևէ փոխքաղաքապետ կամ վարչության պետ նկատողություն ստացե՞լ է»,- Երևանի ավագանու նիստի ընթացքում նման հարց հնչեցրեց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը՝ դիմելով քաղաքապետ Հայկ Մարությանին։
Քաղաքապետը նշեց, որ որևէ դժգոհություն ունենալու դեպքում, երբ կա թերացում, թե՛ բանավոր, թե՛ գրավոր նկատողություններ տալիս է։
Թեհմինա Վարդանյանը հայտարարեց՝ քանի որ ավագանին էլ քաղաքապետի աշխատանքը գնահատելու համար է, ինքը քաղաքապետին բանավոր նկատողություն է տալիս՝ դեղին քարտ, քանի որ բյուջեի կատարողականն իսկապես խայտառակ է։
Իր ելույթի ընթացքում Թեհմինա Վարդանյանը նախ Հայկ Մարությանին հարցրեց. «Դավիթ Խաժակյանի հարցից հետո, աղա ջան, բարկացա՞ծ ես», այնուհետև շարունակեց ներկայացնել բյուջեի կատորողականը։
«Երևան քաղաքի 2019 թվականի բյուջեն թերակատարվել է 27 մլրդ դրամով։ Երևան քաղաքի 2019 թվականի բյուջեի հաշվին իրականացվել է 66 մլրդ 760 մլն դրամի չափով աշխատանք՝ կազմելով ծախսերի 70.5%-ը։ Իսկ սա նշանակում է, որ բազմաթիվ կարևորագույն ոլորտներ մի քանի քայլ հետ են ընկել, և ըստ բյուջետային ծախսերի, շրջակա միջավայրի պաշտպանության գործառույթներն իրականացվել են 68.1%-ով։ Սա նշանակում է, որ առողջապահության ոլորտում աշխատանքը կատարվել է մոտ 78.92%-ով, սոցիալական պաշտպանության ոլորտում՝ 60.46%-ով կրթական ոլորտում՝ ընդամենը 70%»,- ասաց Վարդանյանը։
Նա նշեց, որ որոշ վթարային շենքերի վիճակն իսկապես էպիկ է, և ավագանու յուրաքանչյուր նիստի ժամանակ դրա մասին խոսվում է։
«Կոմունալ ծառայությունների ոլորտում աշխատանքները կատարվել է ընդամենը 60%-ով, և խոսքը բնավ աղբամանները դատարկելու մասին չէ։ Ոռոգման ցանցի կառուցումն էլ 28%-ով է իրականացվել, բայց իմ գործընկերները իրենց շատ ելույթներում ասել են՝ չունենք ոռոգման ցանց, չունենք գծագրումներ։ Բոլորս անընդհատ բարձրաձայնում ենք նաև հետիոտնային անցումների կառուցման ու վերանորոգման անհրաժեշտության մասին։ Իսկ այս ուղղությամբ աշխատանքները կատարվել են ընդամենը 22%-ով։ Ունենք բազմաթիվ փողոցներ, որտեղ պետք են անցումներ, մարդկանց կյանքի հետ է կապված, իսկ մենք փողն ունենք, գործ չենք անում»,- շեշտեց Վարդանյանը։