Աջափնյակում մետրոյի կայարանի կառուցումը ո՞ր փուլում է. ավագանու ԲՀԿ-ական անդամ
«Աջափնյակում մետրոյի կայարան ստեղծելու ծրագիրը ո՞ր փուլում է»,- Երևանի ավագանու այսօրվա նիստի ընթացքում հարց հնչեցրեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Մարկոս Հարությունյանը։
Ավագանու անդամն ասաց, որ ձեռի տակ ունի էսքիզ, որում երևում է՝ մետրոյի կայարանի հարևանությամբ նաև շենքեր ենք ուզում կառուցել. «Մետրոյի կառուցումը կարող է ներդրումներ բերել Աջափնյակ։ Հատկապես այս հատվածում գտնվող բոլոր շենքերը վթարային են, և այնտեղ են նաև գտնվում չորրորդ կարգի վթարային Արզումանյան 10 և 17 շենքերը»։
Պատասխանելով ավագանու անդամի հարցին՝ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը նշեց, որ ներկայացված էսքիզը շատ լավն է, ուղղակի բավականին բարդ է լինելու դա իրականացնելը. «Մենք աջակցելու ենք կառուցապատողներին, քանի որ ծրագիրն իրոք լավն է։ Մետրոյի կայարանի կառուցման համար համատեղ աշխատանքներ ենք տանում կառավարության հետ։ Մետրոն պետական գույք է, և դրա հետ կապված շարժը պետության իրավասության տիրույթում է գտնվում։ Որտեղ լինելու է կայարանը, դրա հարակից տարածքներում այժմ գնահատում է իրականացվում։ Մեր ճարտարապետները հիմա հարակից տարածքի չափերն են ճշտում, որպեսզի վերջնական մոդելն ունենանք»,- ասաց Մարությանը։
Ավագանու անդամը նաև հետաքրքրվեց, թե ինչ աշխատանքներ են տարվում վերոնշյալ չորրորդ կարգի վթարային շենքերը բարեկարգելու ուղղությամբ։
Պատասխանելով հարցին՝ փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը նշեց, որ նոր սոցիալական շենքի կառուցման համար միջոցներ են նախատեսել՝ նախորդ տարվա բյուջեի մնացորդից տարեսկզբին 900 մլն գումար է փոխանցվել այդ ֆոնդին։
«Շինբարեկարգման վարչությունն այս պահին շենքի էսքազն ու նախագծման մրցույթի փաթեթն է ստեղծել։ Նախագիծը երբ պատրաստ լինի, շենքի կառուցման համար կհայտարարենք մրցույթ»,- ասաց Սարգսյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան