«Նորավանք» հիմնադրամի պահակը մահացավ՝ մի քանի ամսվա աշխատավարձը չստացած
Հայաստանում այս պահին էլ մարդիկ կան, ովքեր, ամիսներ շարունակ աշխատելով պետական հաստատությունում, աշխատավարձ չեն ստացել։ Ու սա չնայած բազմաթիվ այն հայտարարություններին, որ բյուջեում փող շատ կա, ու սա չնայած այն բանին, որ այդ աշխատակիցներից յուրաքանչյուրն օրեր շարունակ ահազանգել է կառավարություն իրենց խնդրի մասին։ Մարդիկ մնացել են անօգնական, քանի որ ոչ կառավարությունից, ոչ էլ այլ պետական մարմնից արձագանք չի եղել։
Պետական մարմինների անտարբերության, պատասխանատվության բացակայության հետևանքով պահակներից մեկը չի էլ կարողանա վայելել իր աշխատած գումարը, նա մահացավ ավելի շուտ, քան կտային աշխատավարձը։
Խոսքը կառավարության որոշմամբ անցած տարվա ամռանը լուծարված «Նորավանք» գիտակարթական հիմնադրամի աշխատակիցների մասին է՝ հինգ պահակ, հաշվապահ, տնօրեն, խորհրդական, գույքի համար պատասխանատու պարետ, հրատարակչական-տեղեկատվական կենտրոնի ղեկավար։
Հիմնադրամի լուծարումից հետո նրանք շարունակում էին աշխատանքի գալ մինչև այս տարվա փերվարի 26-ը, քանի որ պետք էր շենքի, ինչպես նաև դրա ներսում եղած գույքի պահպանություն իրականացնել, հաշվառում ու տարատեսակ հաշվարկներ իրականացնել։
Փետրվարի 26-ին նրանք ազատվել են աշխատանքից, լուծարման հանձնաժողովից նոր պայմանգիր են առաջարկել՝ այս անգամ պահակներին առաջարկելով 100 հազար դրամ աշխատավարձ։ Մեծ մասը հրաժարվել են ստորագրելուց։
Պահակներից մեկը՝ Տ. Խաչատրյանը բազմազավակ հայր է։ Panorama.am-ի հետ զրույցում պատմում է՝ զանգել է բոլոր հնարավոր ու անհնար թեժ գծերով, բոլորը միաբերան ասում են՝ գումար չկա, չգիտենք՝ երբ կլինի։
«Ստացած գումարն էլ մեծ չէ, 80 հազար դրամ փոխանցումով, մաքուրը՝ 65 հազար դրամ։ Ես օգնություն չեմ խնդրում, պահանջում եմ վճարել իմ կատարած աշխատանքի դիմաց»,-ասաց նա։
Սովորական օրերին նա պահակի աշխատանքը համատեղել է օրավարձով տարբեր աշխատանքների հետ, հիմա ոչ շինարարություն կա, ոչ էլ այլ աշխատանք։ Բազմանդամ ընտանիքի միակ աշխատողն ինքն է, կինը խնամում է հինգ անչափահաս երեխաներին։ Ամիսներ շարունակ աշխատավարձը չստացած, այսօր էլ արտակագ դրության հետևանքով այլ աշխատանքից զրկված տղամարդը ծանր կացության մեջ է, մեկ ամիս դեռ պետք է դիմանալ։
«Ես օրինապահ քաղաքացի եմ, ես աշխատել եմ, պահանջում եմ՝ ինձ վճարեն։ Ի՞նչ է, պիտի հասնեմ այնպիսի ծանր, անելանելի վիճակի, որ գողություն անե՞մ երեխաներիս պահելու համար, չնայած հաստատ նման բան չեմ անի։ Հիմա էլ ասում են նոր պայմանգիր կնքենք, ինձ համար ի՞նչ տարբերություն՝ 80 հազար է գրած թղթի վրա, թե՞ 100 հազար, եթե չեն վճարում»,-նշեց Տ. Խաչատրյանը։
Այս ընթացքում աշխատավարձ չի ստացել նաև հիմնադրամի գործադիր տնօրեն Գագիկ Հարությունյանը։ Ավելին, ձմռան ամիսներին նա իր գրպանից է վճարել էլեկտրաէներգիայի գումարը։ Շենքի մի սենյակ են տաքացրել, բոլոր աշխատակիցներով այդտեղ հավաքվել։
«Ես դիմել եմ բազմաթիվ անգամներ թե կառավարությանը, թե հանձնաժողովին։ Ոչ մի արձագանք չենք ստանում։ Փոքրաթիվ անձնակազմ է, բոլորի խնդիրները լավ գիտեմ, սոցիալապես ծանր վիճակում ապրող մարդիկ էլ կան»,-Panorama.am-ին ասաց հիմնադրամի՝ արդեն աշխատանքից ազատված տնօրենը։
Հիմնադրամի գլխավոր հաշվապահ Հերմինե Բարսեղյանն էլ Panorama.am-ի հետ զրույցում մանրամասնեց՝ աշխատակիցները տասն են եղել, սակայն պահակներից մեկը դեկտեմբերի 31-ին մահացել է։
«Ինքը մեր պահակներից էր։ Մինչև առ այսօր իր աշխատավարձը չեն փոխանցել։ Պահակները գիշերն էլ էին կանգնում աշխատանքի, նույնիսկ ջեռուցում չի եղել, գազն անջատած էր, Հարությունյանն է 230 հազար դրամ իր գրպանից վճարել այդ ամիսներին»,-ասաց նա։
Լուծարման հանձնաժողովը, ըստ հաշվապահի, ղեկավարում է գույքի կառավարման կոմիտեի ներկայացուցիչը՝ Արամ Հարությունանը։ Ընդհանուր պարտքը կազմում է մոտ 16 մլն դրամ։ Պարտքի մեջ մտնում է նաև այն յոթ աշխատակիցների գումարը, որոնք անցած տարվա հուլիսին ազատվեցին աշխատանքից՝ չստանալով իրենց լուծարման նպաստը։
«Այդ դա շատ տխուր հարց եք տալիս»,-այսպես արձագանքեց հաշվապահը հարցին, թե հանձնաժողովից իրենց նամակներին ինչ պատասխան են տվել, ե՞րբ կլինեն գումարները։
Բազմաթիվ անգամ դիմել են վարչապետին, կառավարություն, ոչ մի արձագանք չի եղել, իրենք մեր դիմումները մակագրում են «Նորավանք»-ին։
«Դիմումը հետ են ուղարկում մեզ»,-իրավիճակը նկարագրեց Հ. Բարսեղյանը։
Panorama.am-ը դիմել է ֆինանսների նախարարություն՝ պարզելու արդո՞ք լուծարային հանձնաժողովը դիմել է նախարարություն աշխատավարձերի տրամադրման, կոմունալ ծախսերի ու գույքի պահպանման նպատակով գումար հատկացնելու համար։ Խոստացել են՝ արագ կպատասխանեն։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան