Ինքնամեկուսացման պահանջները խախտողի համար առաջարկվում է սահմանել ազատազրկում մինչև 5 տարի ժամկետով
«Առաջարկվում է արտակարգ դրության ժամանակ մեկուսացման կամ ինքնամեկուսացման պահանջները խախտելու դեպքում սահմանել վարչական տույժ՝ նվազագույն աշխատավարձի 300-ապատիկից մինչև 500-ապատիկի չափով»,- ԱԺ արտահերթ նիստի ընթացքում ասաց արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանը՝ ներկայացնելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացումներ կատարելու» և «Քրեական օրենսգրքում լրացում կատարելու» օրենքների նախագծերի փաթեթը։
Նա նշեց, որ նախագծերը մշակվել են՝ հիմք ընդունելով հանգամանքը, որ ՀՀ-ում հայտարարվել է արտակարգ դրություն, որի շրջանակում մարդկանց հիմնական իրավունքները սահմանափակվում են, սակայն որոշ սահմանափակումների դեպքում ՀՀ օրենքներով նախատեսված չեն կոնկրետ իրավական հետևանքներ։
«Իսկ այս օրենքներով ապահովվելու է արտակարգ իրավիճակի իրավական ռեժիմի սահմանված կարգը։ Այժմ մարդիկ մեկուսացվում և ինքնամեկուսացվում են՝ գիտակցելով հիվանդության տարածման նվազեցնելու միջոցառումների անհրաժեշտությունը։ Սակայն ոչ բոլոր քաղաքացիներն են հոժարակամ ինքնամեկուսացվում, կամ դրա ընթացքում ապահովում սահմանված կարգը»,- ասաց Դանիելյանը։
Արդարադատության փոխնախարարը նաև ներկայացրեց՝ ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից արտակարգ դրության ժամանակ տեղեկությունների հրապարակման սահմանափակումները խախտելու դեպքում քաղաքացին կտուգանվի նվազագույն աշխատավարձի 50-ապատիկից մինչև 300-ապատիկի չափով։
«Բացի այդ, քրեական օրենսգրքում առաջարկում ենք ավելացնել, որ արտակարգ դրության ժամանակ մեկուսացման կամ ինքնամեկուսացման պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդկանց զանգվածային հիվանդացում, պատժվում է կալանքով՝ առավելագույնը 3 ամսով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 5 տարի ժամկետով»,- ասաց Դանիելյանը։
Հարակից հրապարակումներ`
- Կառավարությունը հստակեցրել է արտակարգ դրության ժամանակ տեղեկատվության տրամադրման կարգը
- 20.03.2020. Հայաստանում կորոնավիրուսի հաստատված 136 դեպք կա
- «Արտակարգ իրավիճակ, թե արտակարգ դրություն». Գևորգ Դանիելյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան