Երիտասարդները կորոնավիրուսից իրենց պաշտպանված չպետք է համարեն
Հիվանդանոցային պայմաններում բուժում ստանալու կարիք ունեցող կորոնավիրուսով վարակված անձանց 40 տոկոսը 20-ից 54 տարեկան անձինք են: Սակայն այս հիվանդությունից մահանալու ամենամեծ վտանգի տակ են ավելի տարեցները: Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։
Ինչպես տեղեկացնում է «Նյու Յորք թայմս» պարբերականը, հենվելով Հիվանդությունների կանխարգելման կենտրոնի կողմից հրապարակված զեկույցի վրա, Միացյալ Նահանգներում հոսպիտալացված 508 հիվանդների 38 տոկոսը շատ երիտասարդներն են: Վերակենդանացման բաժիններ տեղափոխված 121 հիվանդների կեսը մինչև 65 տարեկան անձինք են:
Ինչպես Կոլումբիայի համալսարանի դասախոս Ստիվըն Մորսն է ասում, չի կարելի վստահել միայն տարիքին:
«Հիվանդությանը շատ լրջորեն պիտի մոտենան նաև երիտասարդները, քանի որ տարիքը շատ դեպքերում չի ապահովում լիակատար դիմադրողականություն»,- ասում է նա:
Այս զեկույցի, ինչպես նաև Իտալիայում ու Ֆրանսիայում անցկացված հետազոտությունների վրա հիմնվելով, Սպիտակ տունը հորդորեց հազարամյակի սերնդի ներկայացուցիչներին հրաժարվել մեծ խմբերով հավաքույթներից ու զբաղվել իրենց իսկ պաշտպանությամբ:
«Նյու Յորք թայմս»-ն այնուհետև գրում է, որ հոսպիտալացվածների 20 և վերակենդանացման բաժիններ տեղափոխվածների 12 տոկոսը 20-ից 44 տարեկան անձինք են:
Այս տվյալները, ըստ թերթի, ներկայացնում են ԱՄՆ-ում կորոնավիրուսի տարածման առաջին օրերի պատկերը, որոնց մեջ չեն մտնում Չինասստանից կամ Ճապոնիայից այստեղ ժամանած անձանց տվյալները:
Զեկույցը չի անդրադարձել այն խնդրին, թե արդյոք հիվանդանոց տեղափոխված երիտասարդ անձանց մեջ եղել են վարակների նկատմամբ խոցելի անձինք, թե ոչ: Այնպես որ, ասված է զեկույցում, բոլոր տարիքի չափահաս անձինք են խոցելի այս հիվանդության համար, և որ նրանք բոլորը պիտի հոգ տանեն իրենք իրենց համար, ինչպես նաև մտածեն ուրիշներին չվարակելու մասին:
Ինչ վերաբերում է 19-ից ցածր տարիք ունեցողներին, այս վիրուսով վարակվածների միայն մեկ տոկոսն է հոսպիտալացվել ու չի գրանցվել որևէ զոհ նրանց շրջանում: Բացառություն է կազմել Չինաստանում 14 տարեկան այն տղան, որը դարձավ այս վիրուսի զոհը:
Ինչպես զեկույցի հեղինակներն են ասում, այս զեկույցը կազմվել է հիվանդության տարածման վաղ շրջանում, երբ ուսումնասիրված հիվանդների մի մեծ մասը դեռևս չի ապաքինվել ու դեռ հայտնի չէ նրանց ապագան: Այնպես որ, ասում են հեղինակները, ներկայացված թվերը հարաբերական են ու նախնական:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան