Կորոնավիրուսի արդյունքում շեշտակի աճել է առցանց առևտուրը
Կորոնավիրուսի համաճարակը զգալիորեն մեծացրել է սննդի և մթերքների առցանց առաքման պահանջարկը, քանի որ ավելի շատ սպառողներ փորձում են խուսափել մարդաշատ խանութներ և ռեստորաններ այցելելուց
Ամերիիկացիների շրջանում զգալիորեն աճել է առցանց սնունդ ու մթերքներ պատվիրելու պահանջարկը: Շատերը խուսափում են խանութներում գնումներ կատարելուց՝ վախենալով կորոնավիրուսի վարակից: Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։
Կառավարությունը հայտարարել է ՛՛սոցիալական հեռավորություն՛՛ պահպանելու մասին՝ կոչ անելով սահմանափակել շփումները; Արդյունքում ավելի շատ ամերիկացիներ ապավինում են առցանց առևտրին: Այս ոլորտի խոշոր ընկերությունները արձանագրում են ռեկորդային թվով վաճառք:
Ըստ վերջիններիս տրամադրած տեղեկության՝ կարևոր ապրաքնատեսակներից են առաջին անհրաժեշտության կենցաղային իրերը, պահածոները, բժշկական դիմակներն ու ախտահանիչները: Շատ ընկերություններ պարտավորեցնում են առաքիչներին զերծ մնալ ուղիղ շփումներից՝ պատվերները թողնելով մարդկանց տան շեմին:
Կորոնավիրուսն այսօր իր ազդեցությունն է թողել գրեթե բոլոր ոլորտների վրա: Շատ ռեստորաններ դադարել են գործելուց: Դրանց մի հատվածն էլ զբաղված է միայն ուտելիքի առաքմամբ: Արդյունքնում ռեստորաններից շատերն իրենց գործունեությունը կազմակերպում են հավելվածների միջոցով:
Կալիֆոռնիայում գործող Lola's Chicken Shack ռեստորանը դրա վառ ապացույցն է: Վերջինիս սեփականատեր Նենսի Ռոջերսը տեղեկացնում է, որ առցանց պատվերների շնորհիվ հնարավոր է դարձել որոշակիորեն նվազեցնել կորուստները:
Փորձագետները հաստատում են, որ ռեստորաններ ու խանութներ այցելելուց խուսափումը նվազեցնում է վարակման հնարավորությունը: Նրանց պնդմամբ վիրուսի թեստինգի բացակայությունը շարունակում է մնալ կարևոր խնդիր: Չնայած առցանց առևտրի ավելի փոքր ռիսկային լինելու պնդմանը ՝ փորձագետներն ընդգծում են՝ այս ուղղությամբ դեռևս չկան համապարփակ հետազոտություններ: