ՄԻԵԴ-ը վճիռ է կայացրել Մեհրաբյանն ընդդեմ Հայաստանի գործով
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) Կոմիտեի կազմով հրապարկեց Մեհրաբյանն ընդդեմ Հայաստանի գործով իր վճիռը` արձանագրելով Կոնվենցիայի 2-րդ հոդվածի խախտում: Գործով որպես դիմումատուի ներկայացուցիչ էր հանդես եկել Արա Ղազարյան իրավաբանական գրասենյակի տնօրեն փաստաբան Արա Ղազարյանը և Արտակ Զեյնալյանը:
Դիմումատուն հանգուցյալ Ալբերտ Մկրտումյանի այրին է, ով աշխատում էր Երևանի ՋԷԿ ՓԲԸ-ում որպես էլեկտրակայանի սպասարկման էլեկտրիկ: 2008 թվականի մարտի 6-ին, երբ նա վերանորոգման աշխատանքներ էր իրականացնում 6,000 վոլտանի տուրբինի ռեզերվային էլեկտրաապահովման սենյակում, էլեկտրահարման արդյունքում նա տեղում մահանում է:
ՄԻԵԴ-ին ուղղված իր գանգատում դիմումատուն վիճարկում էր Կոնվենցիայի 2-րդ հոդվածի խախտումն այն հիմքով, որ իշխանությունները Ալբերտ Մկրտումյանի մահվան հանգամանքների շուրջ պատշաճ քննություն չէին իրականացրել: Մասնավորապես, նա պնդում էր, որ քննությունը իրեն` որպես Ալբերտ Մկրտումյանի իրավահաջորդի, հասանելի չի դարձվել, և աշխատավայրում տեղի ունեցած դեպքի շուրջ բազմակողմանի քննություն չի իրականացվել:
Իր վճռում ՄԻԵԴ-ը նկատել է, որ դիմումատուն չուներ այլ արդյունավետ պաշտպանության միջոց, քան այս քրեական դատավարության կարգով քննությունը: Նա մատնանշել է, որ դիմումատուի ամուսնու մահվան հանգամանքների վերաբերյալ վարույթը չորս անգամ կարճվել է, և երեք անգամ վարույթն իրականացնող մարմնի նման որոշումները վերացվել են դատական ստուգման արդյունքում, քանի որ վարույթն իրականացնող մարմինը չէր բացահայտել գործի բոլոր հանգամանքները:
Բացի այդ, ՄԻԵԴ-ը նշել է, որ բազմաթիվ բացթողումներ են եղել հատկապես վարույթի սկզբնական փուլում, որը բացասաբար է անդրադարձել գործի հանգամանքների բացահայտման հեռանկարի վրա: Մասնավորապես, դեպքի վայրը չէր պահպանվել, և քննիչի կողմից փորձաքննությունների չէին նշանակվել դեպքից հետո:
Վերջապես, ՄԻԵԴ-ը մատնանշել է այն դժվարությունները, որոնք դիմումատուն ստիպված էր հաղթահարել` փորձելով ճանաչվել տուժողի իրավահաջորդ, և այդպիսով, լիովին մասնակցել վարույթին:
Ուստի, ՄԻԵԴ-ը եզրահանգել է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 2-րդ հոդվածի խախտում` դրա ընթացակարգային ասպեկտով: Դատարանը նաև դիմումատուին տրամադրել է 10,000 Եվրո` որպես ոչ նյութական վնասի հատուցում, և 1,600 Եվրո գումար` որպես ծախսերի հատուցում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան