Վրաստանում գրեթե ամեն ինչ փակ է
Վրաստանի կառավարությունը խստացնում է կորոնավիրուսի կանխարգելման միջոցները: Մարտի 20-ից արգելվում է բոլոր առևտրի կետերի աշխատանքը, բացառություն են սնունդ վաճառող խանութները, դեղատները, բենզալցակայանները, փոստային բաժանմունքներն ու բանկերը: aliq.ge-ի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Գիորգի Գախարիան՝ ազգային անվտանգության խորհրդի նիստից հետո:
Վարչապետն ասել է, որ առևտրի կետերը փակելու որոշում է ընդունվել՝ քաղաքացիների միջև հեռավորության պահպանման ու շփումները նվազագույնի հասցնելու նկատառումներով. «Մենք պետք է առավելագույնս դանդաղեցնենք վարակը տարածելու ընթացքը՝ հնարավորություն տալով բուժսեկտորին՝ վարակի դեմ պայքարի արդյունավետ միջոցներ գտնել»:
Գախարիայի խոսքով՝ երկրում արտակարգ դրություն հայտարարելու հարցը քննարկվել է, բայց նման որոշում կրկին չի ընդունվել. «Նման անհրաժեշտություն այսօրվա դրությամբ չկա, բայց պայմանավորվել ենք նախագահի հետ,որ նման որոշում կարող ենք ընդունել ընդամենը ժամերի ընթացքում ու անցնել իրականացմանը: Այդ որոշումը կարող է ընդունվել վաղը, մյուս օրը, երբ բուժաշխատողները հայտարարեն, որ դա անհրաժեշտ է վարակը կանխելու համար»:
Նա վստահեցրել է, որ երկիրը պատրաստ է պատվով դիմակայել բոլոր դժվարություններին: Սրան կնպաստի նաև քաղաքացիների պատասխանատվությունը, այս դեպքում ամենաարդյունավետ միջոցը` «մնալ տանը» չվարակվելու ու վարակը չտարածելու նպատակով:
Վրաստանում մարտի 19-ի դրությամբ լաբորատոր հաստատված 40 դեպք կա, վարակվածներից մեկը ապաքինվել է, մահվան դեպքեր չկան: Կարանտինում մնում է 1344 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 216:
Վրաստանը մարտի 18-ից երկու շաբաթով փակեց սահմանները օտարերկրացիների համար:Արգելք է գործում հարևան երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի, մասամբ Թուրքիայի հետ քաղաքացիների տեղաշարժերի համար: Բեռնափոխադրումների դեպքում արգելքը չի տարածվում:
Մարտի սկզբից փակ են Վրաստանի բոլոր ուսումնական հաստատությունները, պետական գերատեսչություններն անցել են հեռահար աշխատանքի: Եկեղեցիներում ախտահանման աշխատանքներ են տարվում, չեղարկվել են հոգևոր արարողությունները՝ որոշ տաճարներում: Հատուկ ռեժիմներ են գործում կալանավայրերում, զինվորական կառույցներում:
Բանկերը 3 ամսով երկարաձգել են վարկերի մարումը, զբոսաշրջության ոլորտի հարկատուներին պետությունը 4 ամսով ազատել է հարկերից, հարկային արտոնություններ են սահմանվել մանր ու միջին բիզնեսի համար:
Վրաստանի կառավարությունը խորհուրդ է տվել փակել գեղեցկության սրահները, ժամանցի վայրերը, տոտալիզատորները, ռեստորաններն ու սրճարաններն աշխատում են միայն առաքումով:
70-ն անց քաղաքացիներին հորդորում են դուրս չգալ տներից, խուսափել մարդկանց կուտակումներից:
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանի նախագահի ծննդյան օրն՝ առանց հյուրերի
- Վրաստանում տղամարդուն, որը փախել էր երթուղային տաքսուց, ՆԳՆ-ն տեղափոխել է բռնի կարանտինի
- Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 40-ի
- Վրաստանը բժշկական դիմակներ կարտադրի
- Վրաստանում արգելված է երթուղային տաքսիների տեղաարժը
- Վրաստանում նոր կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 38-ի
- Վրաստանում հարսանիք չի լինի
- Վրաստանում ոստիկանները ինքնամեկուսացման կարգը խախտած 13 անձի տեղափոխել են կարանտինային գոտի
- Վրաստանը փակել է սահմանները բոլոր օտարերկրացիների համար
- Վրաստանում կորոնավիրուսի վարակի 33 դեպքը հաստատվել է
- Վրաստանը և Ռուսաստանը փակում են սահմանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան