Առաջարկվում է դատավոր դառնալու համար մագիստրատուրայի կրթությունը չպարտադրել
«Ճիշտ չէ, որ առանց բակալավրիատում իրավաբանական կրթություն ստանալու, միայն մագիստրատուրայով անձը դատավոր դառնա»,- ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Դավթյանը։
Հանձնաժողովը քննարկում է «ՀՀ դատական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը։
Դավթյանը նշեց, որ ՍԴ դատավոր դառնալու համար կա պահանջ՝ անձը պետք է ունենա իրավաբանի բարձրագույն կրթություն, 15 տարվա աշխատանքային ստաժ և լինի առնվազն 40 տարեկան։
«Մենք ՍԴ դատավորի նկատմամբ ավելի մեղմ պահանջներ ունենք, քան առաջին ատյանի դատավորի, որտեղ նաև պարտադիր է մագիստրատուրայում սովորած լինելը։ Մենք առջարկում ենք, որ դատավոր դառնալու համար անձն ունենա և՛ բակալավիրատի և՛ մագիստրատուրայի կրթություն, կամ բակալավրիատի կրթություն և 15 տարվա իրավաբանի աշխատանքային ստաժ։ Մենք պետք է անձի համար հնարավորություններ ստեղծենք։ Չեմ կարծում, որ ՍԴ դատավորի նկատմամբ դրված պահանջները պետք է ավելի մեղմ լինեն, քան առաջին ատյանի դատավորի առջև դրված պահանջները»,- ներկայացրեց Դավթյանը։
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը խնդրեց հստակեցնել՝ միայն բակալավրի կրթությունը բավարա՞ր է դատավոր դառնալու համար։
Պատասխանելով հարցին՝ Դավթյանը նշեց, որ անձը կամ պետք է ունենա բակալավրի և մագիստրատուրայի կրթություն, կամ էլ բակալավրի կրթություն և 15 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ։
Գևորգ Պետրոսյանն էլ արձագանքեց, որ բակալավրի և մագիստրատուրայի կրթություն ունեցող անձը, եթե չունի աշխատանքային ստաժ, ճիշտ չէ, որ դատավոր աշխատի։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին