#բդխլավէլի. Իրավապաշտպանն ու փաստաբանները լուսանկարներ են հրապարակել
Մի քանի փաստաբաններ Ֆեյսբուք սոցիալական ցանցում ակցիա են սկսել՝ #բդխլավէլի հեշթեգի ներքո հրապարակելով տարբեր տարիներին արված լուսանկարները, որոնցում նրանք նստած են տարբեր դատավորների աթոռներին։ Այդպիսով, նրանք արձագանքում են ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի` Փաստաբանների պալատի նախագահին ուղղված դիմումին։
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է տարիներ առաջ արված իր լուսանկարը ու գրել.
«Ուղիղ 17 տարի առաջ՝ 2003թ․ ԱՄՆ-ի Կանզաս-Սիթի քաղաքի, Միսսուրիի նահանգային դատարանում, դատարանի նախագահի ներկայությամբ լուսանկարվեցի դատավորի աթոռին։
Զարմանալիորեն, պահվածքս ԱՄՆ դատական իշխանության կողմից չդիտարկվեց, որպես անհարգալից վերաբերմունք դատարանի նկատմամբ»,-գրել է Իշխանյանը։
Իշխանյանի օրինակին հետևեց փաստաբան Երվանդ Վարոսյանը.
«2010 թվականի ամռանը չարամտորեն նստեցի Լոս Անջելեսի քաղաքային դատարանի դատավորի աթոռին։ Էդ օրվանից հետախուզման մեջ եմ անհարգալից վերաբերմունքի հոդվածով, իսկ «ախպեր, դրոշը պահի նկարվեմ» խնդրանքս չմերժած մարշալը դեռ կրում է ազատազրկման ձևով պատիժը»։
Ապա նրանց միացավ փաստաբան Տիգրան Աթանեսյանը։ Լուսանկարին կից նաև խոստովանեց. «Հարգելի ԲԴԽ, սա էլ ես մի քանի տարի առաջ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահի աթոռին, դա քիչա, մի հատ էլ պարոն Օհանյանի պատմուճանով (միայն այդ չափսը եղավ)))))»։
Հիշեցնենք, որ Վարդազարյանն իր դիմումում մասնավորապես գրել է.
«Դատական նիստերի դահլիճում գտնվելու ընթացքում ամբաստանյալների պաշտպանների կողմից դրսևորվել է անհարգալից վերաբերմունք դատարանի և դատավարության մյուս մասնակիցների հանդեպ:
Մասնավորապես` պաշտպան Միհրան Պողոսյանը նստել է նախագահող դատավորի համար նախատեսված սեղանի դիմաց և դատական կարգադրիչների պահանջներից հետո միայն դադարեցրել իր գործողությունները, պաշտպան Հովհաննես Խուդոյանը նստել է մեղադրանքի կողմի համար նախատեսված հատվածում (այն սեղանի շուրջ, որտեղ տվյալ գործով դատական նիստերին մասնակցում են մեղադրողները), Հայկ Ալումյանը, սեղանին հարվածելով, աղմուկ է բարձրացրել:
Գտնվելով դատական նիստերի դահլիճում՝ վերջիններս ծաղրական վերաբերմունք են դրսևորել դատական իշխանության նկատմամբ, կազմակերպել «դատավարություն» և կատարել նմանաբնույթ անհարգալից գործողություններ»։
Հարակից հրապարակումներ`
- Հովհաննես Խուդոյան. Որոշել եմ Վարդազարյանի դիմումին չանդրադառնալ, մինչև վարույթը սկսվի
- Հովհաննես Խուդոյան. Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական հաջորդ նիստի մասին դեռ նորություն չունենք
- Ալումյան. Լուրջ կասկածներ ունենք, որ նիստը հետաձգվեց՝ երաշխավորների ներկայությունը դատական նիստին ահնար դարձնելու համար