«Հրապարակ». Ինչու է չեղարկվել Նիկոլ Փաշինյանի այցը ՌԴ
«Հրապարակ» թերթը գրում է. «Կապանում կայացած ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ տարվա առաջին կեսին պաշտոնական այց կունենա Ռուսաստանի Դաշնություն. այցը սպասվում էր ապրիլ-մայիս ամիսներին, որը կլիներ նրա առաջին պաշտոնական այցը` 2 տարվա պաշտոնավարման ընթացքում:
Ի դեպ, առաջին կիսամյակի ընթացքում սպասվում էր նաև հայ-ռուսական միջկառավարական համատեղ հանձնաժողովի նիստը, ինչպես նաև Վ. Մատվիենկոյի այցը Հայաստան: Մեր աղբյուրների փոխանցմամբ, այդ բոլոր այցերն ու հանդիպումները հետաձգվել են առնվազն մինչև աշուն: Ընդ որում, հետաձգման պատճառը ոչ թե այսօրվա` կորոնավիրուսի հետ կապված վիճակն է, այցերը չեղարկվել են ավելի վաղ` «կապված գեոքաղաքական ինչ-ինչ խնդիրների հետ»,- ասաց ԱԳՆ մեր աղբյուրը:
Ի դեպ, հայ ռուսական միջկառավարական հանձնաժողովի նիստի հետ կապված մեր հարցմանն ի պատասխան ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը հաստատեց, որ նիստը հետաձգվել է, սակայն դա չի եղել կորոնավիրուսից առաջ, այլ` ուրիշ պատճառով, և ոչ մինչև աշուն»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում