Բանտ, տուգանքներ․ ինչ է լինում, երբ մարդիկ տարբեր երկրներում խախտում են կորոնավիրուսային կարանտինը
Նոր կորոնավիրուսի գլոբալ տարածումը կառավարություններին դրդել է խիստ սահմանափակումներ կիրառել իրենց քաղաքացիների նկատմամբ՝ հույս ունենալով, որ համաճարակի տարածումը կանխելը կամ գոնե դանդաղեցումը կարող է փրկել ազգային առողջապահական համակարգերը փլուզվելուց:
Վարակը ծայրահեղ մահացու է տարեցների և առողջական այլ խնդիրներ ունեցողների համար, ուստի կառավարությունները կիրառում են կոշտ պատիժներ՝ պարտադրված մեկուսացումը խախտողների համար։ Մեկուսացումը կդանդաղեցնի վարակների աճը, ինչը հնարավորություն կտա «շնչել» ազգային առողջապահական համակարգերին:
Երկրներում փակվում է գրեթե ամեն ինչ․ արգելվում են ընկերական հավաքները, փակ են խանութները, բարերն ու ռեստորանները, կրթական հաստատությունները։
Ի՞նչ միջոցներ են ձեռնարկել երկրները՝ մարդկանց մեկուսացումն ապահովելու համար
Նախօրեին ՀՀ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ինքնամեկուսացման ռեժիմը քրեականացնող օրենքի նախագիծը, որով ինքնամեկուսացման ռեժիմը խախտող անձանց առաջարկվում է վարչական տույժի ենթարկել նվազագույն աշխատավարձի 300-ից 500-ապատիկի չափով։ Ինչպես նաև արտակարգ դրության ժամանակ մեկուսացման կամ ինքնամեկուսացման պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդկանց զանգվածային հիվանդացում, պատժվում է կալանքով՝ առավելագույնը 3 ամսով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 5 տարի ժամկետով։
Չինաստանը, որտեղ ծագել է վիրուսը, առաջին երկիրն էր, որը ներմուծեց ագրեսիվ միջոցներ COVID-19- ի տարածումը վերահսկելու համար․ քաղաքները փակվեցին և տասնյակ միլիոնավոր մարդիկ հայտնվեցին կարանտինի մեջ։ Պեկինն օգտագործեց իր զանգվածային հսկողության համակարգերը՝ մարդկանց շարժերը դիտարկելու և վիրուսի ընթացքին հետևելու համար: Այս մասին գրում է News Week-ը: Հիմա Չինաստանում իրավիճակը թեթևացել է, և որոշ խստագույն սահմանափակումներ հանվել են:
Իտալիան, որն արդեն առաջ է անցել անգամ Չինաստանից վարակից գրանցված մահերի թվով, ամբողջությամբ փակված է։ Բաց են միայն սննդի խանութներն ու դեղատները, սակայն տանից դուրս գալու համար պետք է տպել հատուկ թույլտվություն, որում գրվում է, թե ինչ նպատակով է նա ցանկանում տանից դուրս գալ։
Մեկուսացման պայմանների խախտման ու հայտնաբերման դեպքում, եթե անձը առողջ է, տուգանվում է մոտավորապես 230 դոլարով կամ բանտարկվում է երեք ամսով: The Guardian-ի փոխանցմամբ, ավելի քան 20,000 մարդ արդեն տուգանվել է։
Իսկ ահա յուրաքանչյուր ոք, ում մոտ առկա կլինի կորոնավիրուսի ախտանշաններ՝ հազ, ջերմություն, ու կհրաժարվի կամ կփորձի խուսափել ինքնամեկուսացումից, Daily Mail-ի հաղորդմամբ, սպառնում է 21 տարվա բանտարկություն ու նրանց նկատմամբ կառաջադրվի սպանության փորձի մեղադրանք:
Իսպանիան նույնպես պայքարում է վարակի աճող թվերի հետ և ազգային բնակչության համար արտակարգ իրավիճակների պայմաններում սահմանել է խիստ մեկուսացման միջոցներ: Ոստիկաններն ու զինծառայողներն են հսկում, որպեսզի պահպանվի արգելափակման ու մեկուսացման պայմանները։
Ըստ El Diario-ի, Իսպանիայի իշխանությունները ձերբակալել են առնվազն 73 մարդու և տուգանել ևս 3270-ի՝ մեկուսացման կանոնները խախտելու համար: Տուգանքները սկսվում են 658 դոլարից մինչև 33 հազար դոլար, կամ մինչև 4 տարի ազատազրկում նրանց համար, որոնք խախտել են ազգային արտակարգ դրության մասին օրենքի պայմաններ:
Ֆրանսիայում անձը կտուգանվի մինչև 148 դոլար՝ տանը մնալու կարգը խախտելու համար։ Ֆրանսիայի փողոցներ են դուրս բերվել ավելի քան 100,000 լրացուցիչ ոստիկանական ուժեր՝ այս շաբաթ հայտարարված արգելափակումն իրականացնելու համար՝ փորձելով դանդաղեցնել կորոնավիրուսի տարածումը:
Forbes-ի փոխանցմամբ, Նորվեգիայում մեկուսացման կանոնների խախտման համար կարող են տուգանվել մինչև 2000 դոլար կամ բանտարկվել 15 օրով: Բոլոր նրանք ովքեր կմնան իրենց տանից դուրս, օրինակ քաղաքից դուրս տնակում, կարող են տուգանվել 1500 դոլարով կամ բանտարկվել 10 օրով` գյուղական առողջապահական ծառայություններին պաշտպանելու համար:
Ավստրալիայում պատժամիջոցները տարբերվում են ըստ նահանգների, բայց ինքնամեկուսացումը խախտողներին նույնպես սպառնում է բանտային ժամկետ և տուգանքներ: Ըստ BBC News-ի, Արևմտյան Ավստրալիայում մեկուսացման կանոնները խախտողներին կարող են պատժել 30 000 դոլար տուգանքով:
Հնդկաստանում Մահարաշտրա նահանգի պաշտոնյաներն ասում են, որ բոլոր նրանք, որոնց հրահանգվել է ինքնամեկուսանալ, ձախ ձեռքի վրա կունենան կնիք՝ նշելու իրենց կարանտինը:
Վրաստանում կարանտինի պայմանները խախտելու համար անհատները կտուգանվեն 3000 լարի (մոտ 1000 դոլար), կազմակերպությունները՝ 15 հազար լարի (5000 դոլար)։ Իսկ նրանք, որոնք կկրկնեն կարանտինի պայմանների խախտումները կարող են դատապարտվել տնային կալանքի կամ մինչև 1 տարի ազատազրկման։
Իսրայելում, The Times of Israel-ի հաղորդմամբ, 14-օրյա ինքնամեկուսացումը խախտելու համար կպատժվեն մինչև 7 տարվա բանտարկությամբ։
Մի շարք երկրներ փորձում են կանխել դրսից կորոնավիրուսի ներմուծումը: Սաուդյան Արաբիան 133,000 ԱՄՆ դոլարի չափով տուգանք է սահմանել ցանկացած ճանապարհորդի համար, որը ժամանելիս չի ունենա առողջության վիճակի հստակ ու ճշգրիտ տեղեկատվություն:
Նոր Զելանդիան նաև նախազգուշացրել է, որ ցանկացած ճանապարհորդ, որը ժամանելուն պես չի հետևի ինքնամեկուսացման կանոններին, կարող է տուգանվել կամ նույնիսկ արտաքսվել: