Նուբար Աֆեյանն անդրադարձել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկման աշխատանքներին
Ամերիկյան Moderna Therapeutics կենսատեխնոլոգիական ընկերությունը, որի համահիմնադիրն ու նախագահը Նուբար Աֆեյանն է, ստեղծել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ, որը մարտի 17-ից կլինիկական փորձարկումներ է անցնում Միացյալ Նահանգների Վաշինգտոն նահանգի Սիեթլ քաղաքում գտնվող Kaiser Permanente առողջապահության հետազոտական ինստիտուտում:
Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հետ հեռախոսազրույցի ընթացքում Նուբար Աֆեյանն անդրադարձել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ստեղծման և փորձարկման աշխատանքներին։
Պաշտոնական տեղեկատվության փոխանցմամբ, զրուցակիցներն անդրադարձել են աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում նոր կորոնավիրուսի վարակի տարածման հետևանքով ստեղծված իրավիճակին, ինչպես նաև՝ վարակի կանխարգելման և հաղթահարման ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումներին և դրանց արդյունավետությանը:
Ավելի վաղ Աֆեյանը մանրամասնել էր՝ կորոնավիրուսի պատմությունը վաղուց կա, սակայն դեկտեմբերին տարածված նոր կորոնավիրուսը շատ վախեցրեց մարդկանց։ Աֆեյանը չի կիսում այն տեսակետը, որ այս վարակը ստեղծված է։
Անդրադառնալով կորոնավիրուսի պատվաստանյութին՝ Նուբար Աֆեյանն ասել էր, Moderna Therapeutics ընկերությունը ստեղծվել է 10 տարի առաջ։ Ընկերության պատվաստանյութը պատրաստված է լիովին նոր տեխնոլոգիաներով։
«Տարիների ընթացքում Moderna Therapeutics-ում մոտ 2 մլրդ դոլար է ներդրվել, այսօր արդեն 8-9 հարյուր աշխատող կա ընկերությունում, որոնց մեծամասնությունը գիտնականներ են և արդեն 20-ից ավելի տարբեր դեղամիջոցներ են ստեղծվել՝ տարբեր հիվանդությունների համար՝ սրտային քաղցկեղի, իմունիտետի, որոնց մի մասը պատվաստանյութեր են»,- նշել է Աֆեյանը՝ ներկայացնելով դեղերի ստեղծման տեխնոլոգիան։
Նուբար Աֆեյանն ասել է, որ արդեն 3 տարի աշխատում են ԱՄՆ-ի Ազգային առողջապահական ինստիտուտի հետ՝ տարբեր պատվաստանյութերի ուղղությամբ, այդ թվում նաև կորոնավիրուսների, որոնք եղել են նախկինում՝ MERS, SARS, և հիմա այդ նույն խումբը սկսեց աշխատել նոր կորոնավիրուսի պատվաստանյութի վրա ու ստեղծվեց պատվաստանյութի տարբերակը։ Պատվաստանյութի փորձարկումը սկսում է պարզելով, թե արդյոք ապահով է այն։
Սակայն, Նուբար Աֆեյանն առավել տեղեկություններ չի հայտնել պատվաստանյութի վերաբերյալ, ասելով, որ իրավունք չունի։
Հարակից հրապարակումներ`
- Նուբար Աֆեյան․ Ժողովուրդը պետք է վարժվի, այլ ոչ թե հաղթահարի կորոնավիրուսը
- Կորոնավիրուս. Նուբար Աֆեյանի ընկերության պատվաստանյութն ուղարկվել է փորձարկման