Արցախում դասերը կհետաձգվեն մինչև ապրիլի 14-ը
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը՝ Արարատ Օհանջանյանի նախագահությամբ մարտի 21-ին «Կորոնավիրուսի ներթափանցման ու տարածման կանխարգելման աշխատանքների կազմակերպում» թեմայով հրավիրել է խորհրդարանական լսումներ: Այս մասին հայտնում են Արցախ ԱԺ-ից։
Լսումներին մասնակցել են Առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանը, Կրթության,գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը, Ոստիկանության պետ Լևոն Մնացականյանը և Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Վլադիկ Խաչատրյանը:
Առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանը, խոսելով նոր տիպի կորոնավիրուսի՝ COVID19-ի աշխարհում տարածման տեմպերի մասին, նշել է, որ Արցախում ստեղծվել է օպերատիվ շտաբ, որը համակարգելու է համաճարակի դեմ պայքարի աշխատանքները: Նախարարը ընդգծել է, որ հանրապետությունում նոր տիպի կորոնավիրուս հիվանդության որևէ դեպք չի արձանագրվել: Նա նաև հավելել է, որ Արցախի սահմանային 4 անցակետերում իրականացվում է հանրապետություն մուտք գործող բոլոր քաղաքացիների ջերմաչափման գործընթաց:
Նախարարի խոսքով՝ վարակի հնարավոր դեպքերի բուժման համար նախատեսվել է Շուշիի շրջանային բուժհիմնավորումը, որը զինվել է անհրաժեշտ բոլոր պարագաներով, ինչպես նաև առանձնացվել են հյուրանոցային համալիրներ, որոնք նախատեսված են մեկուսացման համար: Բոլոր շրջաններում ևս պատրաստվել են հիվանդասենյակներ և բուժհիմնարկներ՝ հիվանդներին սպասարկելու նպատակով:
Արայիկ Բաղրյանը, պատասխանելով պատգամավորների առաջադրած հարցերին, նշել է, որ ամենօրյա ռեժիմով համագործակցում են ՀՀ առողջապահության նախարարության հետ. փորձանմուշները թեստավորվում և պատասխաններն օպերատիվ ուղարկվում են ԱՀ: Նա նաև անդրադարձել է արհեստական շնչառության սարքերի, դիմակների և մյուս անհրաժեշտ պարագաների վերաբերյալ հարցերին՝ նշելով, որ դրանք այս պահի դրությամբ հանրապետությունում բավարար չափով առկա են և աշխատում են պաշարներն ավելացնելու ուղղությամբ:
Խոսելով ոստիկանության համակարգի իրականացրած աշխատանքի մասին՝ ոստիկանապետ Լևոն Մնացականյանը տեղեկացրել է, որ այս պահի դրությամբ արգելված է օտարերկրացիների մուտքը Արցախի Հանրապետություն, և այդ առումով անձնագրային ստուգումներ են տարվում բոլոր անցակետերում: Լևոն Մնացականյանի խոսքով՝ 14 օրվա ընթացքում ամենօրյա զանգերի միջոցով ոստիկանության ծառայողները կապ են հաստատում անցակետերում ստուգման ընթացքում ջերմություն ունեցած քաղաքացիների հետ և տեղեկանում վիճակից:
Պատգամավորները ոստիկանապետին են առաջադրել Արցախում մարտի 31-ին սպասվող ընտրություններին դիտորդների այցերի և ՀՀ-ից մուտքի վերահսկման մասին հարցեր:
Կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը, ներկայացնելով ստեղծված իրավիճակում ոլորտի իրականացրած աշխատանքը, նշել է, որ դեռևս փետրվարից սուր շնչառական վարակների ակտիվացման հանգամանքը հաշվի առնելով՝ ընդունվել է դասերը դադարեցնելու որոշում, ինչի արդյունքում մինչ այդ արձանագրված 50% բացակայությունների ցուցանիշը նվազել է՝ հասնելով 8,8%-ի:
Այնուհետև ՀՀ-ում կորոնովիրուսի վարակի արձանագրված դեպքերից հետո, որոշում է կայացվել հետաձգել դասերը մինչև ապրիլի 14-ը: Նախարարը նշել է, որ այժմ Հայաստանի Հանրապետության հետ մեկտեղ անցկացնում են հեռավար կրթության ծրագրեր, ներդրվում են հեռավար ուսուցման նոր համակարգեր՝ ուսումնական ծրագրերից հետ չմնալու նպատակով:
Նախարարի խոսքով՝ դասապրոցեսները վերսկսելուց հետո կստուգվի մատուցված նյութի յուրացման մակարդակը, որի արդյունքում կընդունվի նոր որոշում:
Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Վլադիկ Խաչատրյանը, խոսելով ծառայության աշխատանքների մասին՝ նշել է, որ կազմավորված 5 խումբ այժմ իրականացնում է հերթապահություն և իրենց կողմից ևս իրավիճակը վերահսկվում է:
Լսումների ընթացքում անդրադարձ է կատարվել կամավորական աշխատանքների կազմակերպմանը, միայնակ տարեցներին անհրաժեշտ պարագաներով և սննդով օժանդակությանը: Կարևորվել է յուրաքանչյուր քաղաքացու ինքնագիտակցության բարձրացումը և համաճարակի պայմաններում ուղեցույցին և համապատասխան պահանջներին հետևելը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին