Բացառության կարգով Լարսում մնացած ՀՀ քաղաքացիները Վրաստանով տեղափոխվել են Հայաստան
Պարետ Տիգրան Ավինյանը տեղեկացնում է.
«Ռուսաստանի և Վրաստանի մեր գործընկերների հետ օրեր շարունակ վարած բանակցությունների և մեր գործընկերների բարի կամքի շնորհիվ հնարավոր է եղել, բացառության կարգով, ապահովել մարտի 20-ի ժամը 20:00 դրությամբ Վերին Լարսի անցակետում օրեր շարունակ գտնված մոտ 140 ՀՀ քաղաքացիների տեղափոխումը Հայաստան` Վրաստանի տարածքով:
Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Վրաստանի և ՌԴ իշխանություններին, Վրաստանում ՀՀ դեսպանին և Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսին:
Ընդգծեմ, որ Վրաստանի կառավարության որոշմամբ՝ օտարերկրացիները, այդ թվում ՀՀ քաղաքացիները, չեն կարող մուտք գործել Վրաստանի տարածք:
Նման իրավիճակներից խուսափելու համար ՌԴ-ից Հայաստան վերադառնալ ցանկացող մեր քաղաքացիներին ևս մեկ անգամ կոչ ենք անում օգտվել բացառապես օդային ճանապարհից»:
ԱԳՆ-ից էլ հայտնում են. «Վրաստանի կառավարության որոշման համաձայն` օտարերկրացիները, ներառյալ՝ ՀՀ քաղաքացիները, չեն կարող մուտք գործել Վրաստանի տարածք, այդ թվում Վերին Լարսի անցակետով: Վերին Լարսի անցակետը բաց է բացառապես բեռնատարների, ինչպես նաև ՌԴ և Վրաստանի տարածքից հայրենիք վերադարձող Ռուսաստանի և Վրաստանի քաղաքացիների համար:
Հավելենք, որ Ռուսաստանի և Վրաստանի մեր գործընկերների հետ վարած բանակցությունների և մեր գործընկերների բարի կամքի շնորհիվ հնարավոր է եղել ապահովել մարտի 20-ի ժամը 20:00 դրությամբ Վերին Լարսի անցակետում օրեր շարունակ գտնված մոտ 140 ՀՀ քաղաքացիների տեղափոխումը Հայաստան` Վրաստանի տարածքով:
ՀՀ քաղաքացիների մեկանգամյա տեղափոխումը իրականացվել է 5 ավտոբուսներով և 4 միկրոավտոբուսներով, իսկ ՀՀ քաղաքացիների մարդատար ավտոմեքենաները Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսության ջանքերով տեղակայվել են շուրջօրյա վերահսկողություն ունեցող հատուկ կայանատեղիում: Կրկին ընդգծենք, որ այս տեղափոխությունը կատարվել է բացառության կարգով, և ՀՀ-ի և Վրաստանի միջև ցամաքային սահմանը փակ է ուղևորների համար:
Ինչպես նշել էինք, արդեն երրորդ օրն է Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոս Վարդան Ասոյանը գտնվում էր Վերին Լարսի անցակետում, որտեղ համակարգում էր ՀՀ քաղաքացիներին սննդով և առաջին անհրաժեշտության պարագաներով ապահովելու աշխատանքները, պատասխանում էր ՀՀ քաղաքացիներին հուզող հարցերին և աջակցում վերջիններիս առջև ծառացած այլ խնդիրների հասցեագրմանը:
Շնորհակալ ենք ճգնաժամային իրավիճակում հայտնված բոլոր այն քաղաքացիներին, որոնք ցուցաբերել են ողջամտություն և ըմբռնում, և դրանով իսկ աջակցել են մեր դիվանագետների աշխատանքին: Կոչ ենք անում նմանատիպ իրավիճակներում հայտնված մեր բոլոր քաղաքացիներին հանդես բերել քաղաքացիական բարձր գիտակցություն, չտրվել առանձին սադրանքների և չխանգարել մեր դիվանագետների աշխատանքը, որը միտված է նախ և առաջ ճգնաժամային իրավիճակի հաղթահարմանը»։
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանում արտակարգ դրություն է հայտարարվում
- ՊԵԿ. Վրաստանի տարածքում բեռնատարների համար նոր կարգավորումներ են սահմանվել
- Լարսը բաց է
- Վրաստանում գրեթե ամեն ինչ փակ է
- Վերին Լարսի անցակետում գտնվում են մոտ ՀՀ 140 քաղաքացիներ
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան