100 մլն դրամ՝ դիտահորերի, դրանց թուջե կափարիչների և անձրևորսիչների վերանորոգմանը
Ասֆալտապատման աշխատանքների ընթացքում այս տարի առանձին ուշադրության կարժանանան ճանապարհի վրա անհարթություն առաջացնող դիտահորերը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։
«100 միլիոն է նախատեսված Երևանի 2020-ի բյուջեում՝ դիտահորերի, դրանց թուջե կափարիչների և անձրևորսիչների վերանորոգմանը: Ճանապարհի մակերևույթից ցածր կամ բարձր նիշի վրա գտնվող դիտահորերը այսօր երթևեկության համար խոչընդոտ են դառնում՝ երբեմն վթարային վիճակ ստեղծելով կամ վնասելով մեքենաները: Դրանք հիմա՝ ճանապարհների վերանորոգման ընթացքում կհավասարեցվեն ասֆալտի մակերեւույթին:
Դիտահորերի խնամքի համար ըստ էության, պատասխանատու են ջրմուղ-կոյուղու կամ կապի համապատասխան կազմակերպությունները, բայց քանի որ տարիներ շարունակ գործող կարգավորումներով խնդիրը չի լուծվում, քաղաքապետ Հայկ Մարությանի հանձնարարությամբ, կամավոր լիազորությունը ստանձնել է համայնքը»,- գրել է Հակոբ Կարապետյանը։