Տեղեկությունների հրապարակման սահմանափակումները խախտելու դեպքում ԶԼՄ-ները կարող են ենթարկվել կրկնակի տույժի
«Լրատվական գործունեություն իրականացնողները կենթարկվեն վարչական տույժի, եթե արտակարգ դրության ընթացքում խախտեն տեղեկությունների հրապարակման սահմանափակումները»,- ԱԺ արտահերթ նիստի ընթացքում ասաց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։
Նախարարը տեղեկացրեց, եթե նախատեսված տույժին ենթարկված տեղեկատվությունը մեկօրյա ժամկետում չհեռացվի, ապա ևս մեկ անգամ տուգանք կնշանակվի՝ նվազագույն աշխատավարձի 500-ապատիկից 1000-ապատիկի չափով։
Բադասյանը տեղեկացրեց նաև, որ կառավարությունն այս պահին քննարկում է խոսքի ազատության սահմանափակման դրվագով փոփոխություններ կատարելու նախաձեռնությունը, այսինքն՝ կարելի է արձանագրել, որ օրենսգրքով նախատեսվող փոփոխությունն ավելի շատ ապագային միտված կլինի։
«Բացի այդ, արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ընթացքում մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները, կամ ազատ տեղաշարժի այլ սահմանափակումները ենթադրում են՝ անձանց, այդ թվում վարակվածի հետ շփված անձանց առանձնացում դրա համար նախատեսված որոշակի տարածքում՝ այլ մարդկանց հետ շփումը բացառելու նպատակով։ Ինքնամեկուսացում է համարվում վարակվածի հետ շփված անձի առանձնացումը իր մշտական բնակության կամ նախընտրած այլ վայրում»,- ներկայացրեց Բադասյանը։
Նա նշեց, որ «Քրեական օրենսգրքում» առաջարկում ենք ավելացնել՝ արտակարգ դրության ընթացքում մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է անձի վարակում, ենթադրում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 300-500-ապատիկի չափով, կամ կալանք՝ առավելագույնը 1 ամիս ժամկետով, կամ որոշակի պաշտոնից զրկում՝ առավելագույնը 2 տարի ժամկետով։
Խորհրդարանը քննարկում է «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու հարցը։
Հարակից հրապարակումներ`
- ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է ինքնամեկուսացման ռեժիմը խախտելու համար պատիժ սահմանելու մասին օրենքը
- Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց ինքնամեկուսացման ռեժիմը խախտելը քրեականացնող օրենքի նախագիծը
- Ինքնամեկուսացման պահանջները խախտողի համար առաջարկվում է սահմանել ազատազրկում մինչև 5 տարի ժամկետով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան