Գյուղատնտեսության ապահովագրության պիլոտային ծրագրով կնքվել է 523 պայմանագիր
«Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի» շրջանակում 2020 թվականի մարտի 20-ի դրությամբ կնքվել է 523 ապահովագրական պայմանագիր: Հայտնում են Էկոնմիկայի նախարարությունից ու հիշեցնում, որ մարտի 25-ին լրանում է կարկուտ և հրդեհ ռիսկից ծիրանի և խաղողի այգիների համար պայմանագրի կնքման վերջնաժամկետը, ապրիլի 20-ին` խնձորի այգիների համար կարկուտ ռիսկից պայմանագիր կնքելու վերջնաժամկետը, իսկ մայիսի 1-ին` հացահատիկային մշակաբույսերի համար (աշնանացան ցորեն/գարի, գարնանացան ցորեն/գարի) կարկուտ և հրդեհ ռիսկից ապահովագրական պայմանագրի կնքման վերջնաժամկետը:
Ցրտահարության ռիսկի ապահովագրության վերաբերյալ պայմանագիր կնքելու վերջնաժամկետն ավարտվել է փետրվարի 21-ին:
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հորդորում է նախքան սահմանված վերջնաժամկետների ավարտը ձեռք բերել ապահովագրական պոլիսներ, քանի որ ծրագրում ընդգրկված մարզերի այն գյուղացիները, որոնք չեն օգտվի գյուղապահովագրությունից, ստիպված կլինեն ինքնուրույն կրել բնական աղետների հետևանքով ստացված վնասի ֆինանսական պատասխանատվությունը։
2019 թվականի աշնանը՝ 2020 թվականի գյուղատնտեսական սեզոնի համար ապահովագրվում են ծիրանը, խաղողը, խնձորը, դեղձը, աշնանացան գարի/ցորենը և գարնանացան գարի/ցորենը: Ծիրանի և խաղողի կարկուտ և հրդեհ ռիսկից ապահովագրության համար ընտրվել է 6 մարզ (Արարատ, Արմավիր, Արագածոտն, Կոտայք, Վայոց ձոր և Տավուշ), իսկ գարնանային ցրտահարություն ռիսկից՝ 2 մարզ (Արարատ, Արմավիր): Հացահատիկային մշակաբույսերի ապահովագրությունը հասանելի է բոլոր մարզերում:
Կարկուտ և հրդեհ ռիսկերից ապահովագրվելու դեպքում պետական սուբսիդիան կազմում է 50%, գարնանային ցրտահարություն ռիսկից ապահովագրելու դեպքում` 60%, իսկ երկու ռիսկից ապահովագրելու դեպքում գյուղացիական տնտեսություններին տրամադրվում է հավելյալ 10% զեղչ:
Ծրագրից օգտվելու համար գյուղատնտեսությունում տնտեսավարողները կարող են դիմել «Գյուղատնտեսությունը ապահովագրողների ազգային գործակալություն» (https://aina.am/), ինչպես նաև ծրագրին մասնակից «Ինգո Արմենիա», «Ռոսգոսստրախ-Արմենիա» և «Սիլ Ինշուրանս» ապահովագրական ընկերություններ:
Ծրագրի այլ մանրամսներին կարելի է ծանոթանալ ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնական կայքէջում: