Նպատակահարմար չէ ԱԺ-ն պարապուրդի մատնել. Մակունց
«Պարտադիր պարապուրդի հետ կապված մենք ունենք օրենք, սակայն արտակարգ իրավիճակի պայմաններում անհրաժեշտություն կա լրացուցիչ նախագիծ ունենալու, որի ուղղությամբ կառավարությունն աշխատում է»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։
Նա նշեց, որ արտակարգ պայմաններում կառավարության նախաձեռնած միջոցառումները՝ մասնավորապես՝ հետագայում 150 մլրդ դրամի վարկերի տրամադրումը այն քաղաքացիներին, որոնց բիզնեսը տուժել է, արդարացված է համարում։
«Քաղաքացիներին այդ գումարը տալը նշանակում է պարզապես սոցիալական բեռ թեթևացնել, որն ուղղակի այդ պահին ծախսվելու է և ոչինչ չի տալու»,- ասաց Մակունցը։
Նշենք, որ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը արդյունավետ չի համարում կառավարության ձեռնարկած միջոցառումները, մասնավորապես՝ 150 մլրդ դրամի վարկերի տրամադրումը այն քաղաքացիներին, որոնց բիզնեսը տուժել է։ Նա ասում է, որ այդ գումարը պետք է առձեռն փոխանցվի քաղաքացիներին, ինչպես արվում է, օրինակ, ԱՄՆ-ում։
Հարցին, թե ինչու ԱԺ նիստերի դահլիճում պատգամավորները չեն պահում անվտանգության կանոնները և դիմակներ չեն կրում, Մակունցը պատասխանեց՝ առողջապահության նախարարությունը հրապարակել է այն կանոնները, որոնք պետք է պահպանել. «Ըստ այդմ, դիմակներ առաջարկվում է կրել այն մարդկանց, ովքեր որոշակի թուլություն են զգում, վատառողջ են, հարբուխ ունեն և այլն։ Եվ քանի որ ես այս պահին ինձ ամբողջովին լավ եմ զգում, այդ պատճառով չեմ կրում դիմակ։ Առաջին հերթին պետք է դիմակներով պաշտպանվեն այն մարդիկ, ովքեր վառառողջ են»։
Դիտարկմանը, որ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը առաջարկեց, որպեսզի ԱԺ նախագահը, խմբակցության ղեկավարներն ու հանձնաժողովների անդամները մնան խորհրդարանում, իսկ ԱԺ մյուս աշխատակիցները գնան տուն, Մակունցն արձագանքեց՝ նպատակահարմար չէ ԱԺ-ն պարապուրդի մատնել։
«Կյանքը ՀՀ-ում չի կարող կանգնել, և այն գործառույթները, որոնք պետք է իրականացնենք, պետք է անենք։ Իսկ քաղաքացիներն այս ընթացքում հնարավորություն կունենան ավելի ակտիվորեն հետևելու, թե ինչ է կատարվում ԱԺ-ում։ Բայց մենք չենք կարող մեր աշխատանքները դադարեցնել։ Իսկ այն անձինք, ովքեր գտնվում են խոցելի հատվածում, օրինակ, 60 և բարձր տարեկան են, կամ վատառողջ են, հղի են կամ ունեն ուղղակի որոշ քրոնիկ հիվանդություններ, աշխատանքի չեն գալու և իրենց բացակաները հարգելի են համարվելու»,- տեղեկացրեց Մակունցը։
Նա նշեց, որ «Իմ քայլը» խմբակցությունից ևս կան պատգամավորներ, ովքեր վատառողջ են և թույլտվություն են վերցրել՝ նիստերին չմասնակցելու։
Հարակից հրապարակումներ`
- Աստված չանի այդ օրն ընկնեմ, որ Ձեր հույսին մնամ. Հայրապետյանը՝ Մարուքյանին
- Մարուքյանն առաջարկեց ԱԺ նիստը հետաձգել` օրինակ ծառայելով քաղաքացիներին
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան