«Փաստ». 87 հազար նոր աշխատատեղերից քանիսն են նոր ստեղծվել և քանիսն են ուղղակի ստվերից դուրս եկած
«Փաստ» թերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավի ժամանակ ասել էր՝ 2018 թ. մայիսից հետո Հայաստանում 87 հազար նոր աշխատատեղ է ստեղծվել: Այս մասին նշված էր նաև «ԱՅՈ»-ի նախընտրական բուկլետում: «Փաստը» հարցումով դիմել էր վարչապետի աշխատակազմին՝ առաջարկելով պարզաբանել, թե այդ աշխատատեղերից քանիսն են նոր ստեղծվել և քանիսն են ուղղակի ստվերից դուրս եկած՝ խնդրելով տրամադրել նաև այն կազմակերպությունների, հիմնարկների ցանկը, որոնց միջոցով այդ աշխատատեղերը ստեղծվել են: Մեր հարցումը վերահասցեագրվել էր Պետական եկամուտների կոմիտեին:
ՊԵԿ-ը տեղեկացնում է, որ հարկային մարմնի տեղեկատվական բազայում հաշվառվում են գործատուների կողմից գրանցված աշխատողները, որոնց համար հարկ վճարողներն ամեն ամիս հաշվարկում են եկամտային հարկ: Համաձայն հարկ վճարողների կողմից ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկների՝ 2019 թ. դեկտեմբերին 2018 թ. ապրիլի համեմատությամբ աշխատատեղերի քանակն աճել է 87 281-վ:
Միևնույն ժամանակ պետեկամուտների կոմիտեն հայտնում է, որ «գործատուների կողմից ընդունումը և ազատումը դինամիկ գործընթաց է, և վերջիններիս մոտ պարբերաբար աշխատատեղերի թվաքանակը ենթարկվում է փոփոխության, որի գնահատականը հարկային մարմնի կողմից չի կարող տրվել, քանի որ այն կարող է լինել ինչպես նոր աշխատատեղերի ստեղծման կամ փակման, այնպես էլ հարկ վճարողների ինքնահայտարարագրման և հարկային վարչարարության արդյունք»:
ՊԵԿ-ը «Փաստին» է ներկայացրել նաև 2018 թ. ապրիլի դրությամբ և 2019 թվականի դեկտեմբերի դրությամբ աշխատատեղերի համեմատությունը՝ ըստ հարկ վճարողների, որին «Փաստն» առավել մանրամասն կանդրադառնա իր առաջիկա համարներից մեկում»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում