Heritage հիմնադրամի զեկույց․ Հայաստանն աշխարհում զբաղեցնում է 34-րդ տեղն ազատ տնտեսության ցուցանիշով
Heritage հիմնադրամը հրապարակել է իր «Տնտեսական ազատության ինդեքս» տարեկան զեկույցը, որտեղ, հենվելով տարբեր ցուցանիշների վրա, վերլուծում է Հայաստանի և աշխարհի երկրների տնտեսական ազատության մակարդակը։ Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։
Հայաստանն աշխարհում զբաղեցնում է 34-րդ տեղն ազատ տնտեսության ցացունիշով, ասում է Heritage հիմնադրամի «Տնտեսական ազատության ինդեքս» տարեկան զեկույցը: Եվրոպական մայրցամաքում, ըստ զեկույցի, Հայաստանը 18-րդ տեղում է: Երկրի ցուցանիշներն ավելի բարձր են միջին եվրոպական և աշխարհի ցուցանիշներից:
Հայաստանն ընդգրված է «հիմնականում ազատ» երկրների ենթախմբում, որտեղ հետխորդային երկրներից են նաև Վրաստանը՝ 12-րդ, Լիտվան՝ 16-րդ և Լատվիան ՝ 32-րդ տեղերում: Միացյալ Նահանգները ևս այս ենթախմբում է՝ զբաղեցնելով, ըստ Heritage հիմնադրամի, 17-րդ տեղը, իսկ աշխարհի ամենաազատ տնտեսություն ունեցող երկիրն է Սինգապուրը:
Հայաստանի մասին զեկույցում նշված է, որ վերջին 15 տարիների ընթացքում տնտեսական ազատության ցուցանիշը մեծ մասամբ եղել է կայուն՝ փոքր տատանումներով «հիմնականում ազատ» և «չափավոր ազատ» ենթախմբերի միջև: Անցած տարվա ընթացքում երկիրն առաջընթաց է գրանցել մոտ երեք կետով, որն ըստ զեկույցի, արդյունք է հարկահանության ոլորտի ցուցանիշների զգալի բարելավման:
Այսօր կառավարությունը իրականացնում է կառուցվածքային բարեփոխումներ, ջանքեր գործադրում արտահանման և օտարերկրյա ներդրումների խրախուսման ուղղությամբ: Հետագա առաջընթացի համար, ըստ զեկույցի, անհրաժեշտ է կենտրոնանալ դատաիրավական ոլորտի արդյունավետության բարելավման և պետական կառավարման համակարգի ամբողջականության վրա:
Այս ցուցանիշները, սակայն, արտոցոլում են նախորդ տարվա զարգացումները և հաշվի չեն առնում Հայաստանում և աշխարհում կորոնավիրուսի համաճարակի արդյունքում ստեղծված կացությունը, տնտեսական շարունակական անկումն ու ճգնաժամը: Այսօր շատ երկրներ, նեռարյալ ԱՄՆ-ը և ԵՄ անդամ երկրները, քննարկում են համաճարակի տնտեսական վնասների նվազեցման ծրագրեր:
Բացառություն չէ նաև Հայաստանը, ուր վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանրության դատին ներկայացրեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման առաջին միջոցառման նախագիծը: Նախաձեռնության նպատակն է օժանդակումը առանձին տնտեսավարողներին կորոնավիրուսի հետևանքով հնարավոր կորուստների նվազեցման հարցում և ձեռներեցների համար ժամանակ շահելու հնարավորության ստեղծումը՝ նոր իրականությանը հարմարվելու համար: