Աղբահանությունը «նույնն» է նաև վարակի տարածման դեպքում
«Աղբ թափելն ամոթ է» նախաձեռնության հիմնադիր Հակոբ Միկոյանը երեկ լուսանկարներ էր հրապարակել, թե վերջին օրերին ամենամեծ պահանջարկ ու սպառում ունեցող բժշկական դիմակներն ու ձեռնոցներն օգտագործելուց հետո ինչպես են թափված փողոցներում։
«Կորոնավիրուսի դեմ սոցիալական գովազդների մեջ ավելացրեք խնդրում եմ նաև այն հատվածը, որ քաղաքացիներն իրենց օգտագործած դիմակները և ձեռնոցները չթափեն չնախատեսված վայրերում:
Դա կարող է աղբյուր հանդիսանալ վարակի նոր ալիքի տարածման»,- ֆեյսբուքյան էջում գրել է նա։
Բնականաբար, հարց է առաջանում, թե նման պայմաններում ի՞նչ են անում պատկան մարմինները։
Panorama.am-ը դիմեց Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանին։
Panorama.am- Այս ընթացքում ի՞նչ լրացուցիչ ձևերով են աղբը վերամշակում, որ այն չդառնա վարակի օջախ։ Թե՞ տանում, ուղղակի թափում են նախատեսված վայրում, ինչպես նախկինում։
Հ.Կարապետյան- Քաղաքապետարանը մշակում է աղբի վերամշակման ծրագիր, հիմնականում թուղթն ու պլաստիկը։ Արդեն հունվարից քաղաքապետը Եվրամիության դեսպանության հետ կնքել է 5,3 միլիոն եվրոյի դրամաշնորհ, որը վերաբերում է Երևանում վտանգավոր թափոնների կառավարմանը։ Գործընթացը մեկնարկած է, բայց ասել, որ վերամշակման ամբողջ պրոցեսը, ամբողջ շղթան իրացնում ենք, այդպես չէ։ Մի քանի տարի է պետք, աշխատանքային խումբն այս ուղղությամբ աշխատում է։
Բժշկական աղբը համարվում է կոշտ թափոն, այն հավաքելու հատուկ կանոն կա, որի խախտման դեպքում համապատասխան սանկցիաներ են կիրառվում։
Panorama.am- Այսինքն հիմա աղբը հավաքվում է այնպես ու թափվում նույն տեղում այնպես, ինչպես նախքան Հայաստանում կորոնավիրուսի տարածումն ու հետևաբար բժշկական դիմակների ու ձեռնոցների՝ որպես աղբ ավելի հաճախ հավաքելը։
Հ.Կարապետյան- Այո։
Panorama.am- Այսօր կան թափոններ, հիմնականում պլաստիկի, հավաքող ու վերամշակող կազմակերպություններ։ Արդյո՞ք քաղաքապետարանը համագործակցում է նման կազմակերպությունների հետ։
Հ.Կարապետյան- Համագործակցում ենք։ Կամ իրենք հավաքում ու մեզ են փոխանցում, կամ մենք իրենց տարածքներ ենք տրամադրում, կամ իրենք աղբի տեսակավորման համար նախատեսված արկղեր են տրամադրում քաղաքապետարանի ենթակայության տակ գործող հիմնարկներին։ Այսինքն, համագործակցությունը տարբեր կերպ է։
Նշենք, որ արդեն մի քանի տարի Երևանում կան պլաստիկի, արդեն նաև թղթի և այլ թափոնների, վերամշակող ընկերություններ։ Ամբողջ հարցը նրանում է, որ քաղաքացիները սեփական բնակարաններում հավաքում են պլաստիկը, այնուհետև՝ հանձնում վերամշակող ընկերություններին՝ ընկերությանը վճարելով 800 դրամ՝ այդ թափոնը տանելու համար։
Քաղաքապետարանը հետ է մնում ոչ միայն աղբային զարգացումներից, այլև՝ ընթացքից։ Կարող էր իհարկե կոչ-խնդրանքով հանդես գալ, որ՝ ավելի շատ քաղաքացիները պլաստիկը հավաքեն տներում, հանձնեն վերամշակման, խոստանար ու գոնե այդ 800 դրամի դիմաց ինչ-ինչ փոխհատուցումներ աներ։
Այսպիսով՝ ազատված «աղբի» տարածքը կարող էր կամաց-կամաց դառնալ ավելի լայն, աղբը քիչ, իսկ այս օրերին՝ հիմնական ուժերը՝ հնարավոր վարակված ձեռնոց-դիմակները ոչնչացնելուն ուղղված։
Ինչպես տեսնում եք՝ չկա ոչ մի նման ձեռնարկում։
Ուստի panorama.am-ը ինքն է դիմում քաղաքացիներին՝ հարգելի համերկրացիներ, եթե կարդաք կորոնավիրուսով վարակվածներին ուղղված գործողությունների ցանկը, կտեսնեք, որ նշված է՝ փակեք աղբը հերմետիկ։
Եթե դա չեք անում, գոնե ձեր օգտագործած ձեռնոցներն ու դիմակները մի թափթփեք ուր պատահի՝ պատասխանատվություն ունեցեք։
Գոնե դուք պատասխանատվություն ունեցեք։
Հարակից հրապարակումներ`
- Ինչպես աղբը նետել օգտագործված դիմակները
- Ներկայումս քայլեր են կատարվում թեստերի և դիմակների նոր խմբաքանակների ներկրման ուղղությամբ
- Աղբի նոր տեսակ փողոցներում՝ օգտագործած դիմակ ու ձեռնոց
- Վրաստանը բժշկական դիմակներ կարտադրի
- «Նորք» ինֆեկցիոն. Կիրառել միայն գործարանային արտադրության դիմակներ
- Դիմակների գները կնվազեն. ՏՄՊՊՀ նախագահ
- ՀՀ-ում առկա է շուրջ 1 մլն հատ բժշկական դիմակ. ՏՄՊՊՀ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան