Մարուքյանն առաջարկեց ԱԺ նիստը հետաձգել` օրինակ ծառայելով քաղաքացիներին
Մեկնարկել է ԱԺ հերթական քառօրյան, գրանցվել է 99 պատգամավոր։
Նիստի մեկնարկին ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը նշեց, որ եթե ԱԺ հերթական նիստն այսօր անցկացվի՝ 132 հոգով նիստերի դահլիճում հավաքվելով, ապա վատ օրինակ կծառայի քաղաքացիների համար։
Նա առաջարկեց, որ խմբակցությունները քննարկեն և որոշեն, որ ԱԺ-ում մնան միայն հանձնաժողովների անդամները, որպեսզի քվորում չլինի և օրակարգը չհաստատվի։
«Այդ ճանապարհով նիստերը չենք անցկացնի, առավել ևս, որ հրատապ հարց չկա, որը կապված է արտակարգ դրության իրավական ռեժիմի հետ։ Այժմ աշխարհում խորհրդարանները գործում են այն դեպքերում, երբ տնտեսությունը փրկելու վերաբերյալ նախագծեր են քննարկվում։ Մենք ցանկացած նման իրավիճակում կարող ենք մեկ ժամում հավաքվել։ Ես առաջարկում եմ քննարկում սկսել և չհաստատել այս օրակարգը, իսկ նիստը կգումարենք այն ժամանակ, երբ դուրս կգանք այս վիճակից»,- ասաց Մարուքյանը։
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը արձագանքեց, որ եթե Մարուքյանը հանդես գա այդպիսի օրենսդրական նախաձեռնությամբ, ապա այն խորհրդարանը կքննարկի, ինչպես մյուս բոլոր նախաձեռնությունները. «Հանձնաժողովներն առավելագույնն են արել, որպեսզի զտեն ոչ ամենաառաջնային հարցերը։ Մենք հիմա քննարկելու ենք այն հարցերը, որոնք հանձնաժողովները կարևոր են համարել։ Ես վստահ եմ, որ քանի դեռ արտակարգ դրությունը շարունակվում է, այն կարող է երկարել, նույնիսկ մեկ տարվա մասին է խոսվում, մենք չենք կարող չաշխատել, քանի որ երկրի համար կարևոր հարցեր պետք է քննարկենք»։
Մարուքյանն էլ նշեց, որ օրենսդրական նախաձեռնության կարիք չկա, քանի որ այդ տարբերակով հարցը չի լուծվի։ Նա նշեց, որ կարելի է քաղաքական համաձայնության գալ և նիստը չշարունակել, և միայն հավաքվել արտակարգ դրության ռեժիմից բխող, կամ տնտեսությունը այս վիճակից հանելու համար առաջարկվող նախագծերը քննարկելու համար։
«Իսկ հիմա մենք գալիս ենք գործի, դիմակներ չենք դնում, սոցիալական հեռավորություն չենք պահպանում, նույն ամբիոնից, նույն միկրոֆոններով խոսում ենք, նույն բռնակներին ձեռք տալիս։ Երբ խստացված ռեժիմն անցնի, և ասվի, որ օրինակ, գործարանները կարող են աշխատել, այդ ժամանակ մենք էլ կաշխատենք։ Իսկ հիմա մենք օրինակ չենք ծառայում հասարակության համար։ Իսկ աշխատելու համար մենք 24 ժամ աշխատելու ենք»,- ասաց Մարուքյանը։
Հարակից հրապարակումներ`
- 24.03.2020. Կորոնավիրուսի հիվանդացության 235 հաստատված դեպք կա
- Խորհրդարանն ընդունեց մեսկուսացման ռեժիմը խախտելու համար պատիժ կիրառելու մասին օրենքը
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան