Ահազանգ կա, որ Էջմիածնում ՀԷՑ-ի աշխատակիցները հոսանքազրկում են քաղաքացիների բնակարանները. Սամսոնյան
«Ահազանգ կա, որ, օրինակ, Էջմիածնում ՀԷՑ-ի աշխատակիցները գնում են քաղաքացիների տուն, պահանջում վճարումները և ովքեր չեն կատարում դրանք, անջատում են հոսանքը»,- ԱԺ հայտարարությունների ժամանակ ասաց պատգամավոր Անի Սամսոնյանը և խորհուրդ տվեց պատկերացնել, թե այս իրավիճակում եթե անջատվում է հոսանքը, գազը կամ ջուրը, ինչ վիճակում է հայտնվելու քաղաքացին:
«Կան բազմաթիվ ահազանգեր, որ մարդիկ չեն գնացել աշխատանքի, քանի որ պետության հրահանգով փակվել են այդ աշխատավայրերը և իրենց սոցիալական վիճակը վատթարացել են: Եթե մարդիկ չեն գնում աշխատանքի, զրկվում են կայուն եկամուտներից, բնականաբար չեն կարողանում կատարել նաև կոմունալ վճարները»,- հայտարարեց պատգամավորը և նկտեց, որ չկա օրենսդրական մեխանիզ, որը գործատուին պարտադրի աշխատանքի չներկայացած քաղաքացուն վճարեն:
Նկատելով, որ հանրային ծառայությունները մատուցող ընկերությունները պետք է կատարեն գանձումները, այլապես չեն կարող աշխատել՝ Անի Սամսոնյանը դիմեց պարետատանը. «Պարետատունը, որը կարգավորող գործառույթ ունի պետք է կարողանա քննարկել իրավիճակը և գտնի այնպիսի լուծումներ, որ մի կողմից չպարալիզացվի այդ հանրային ծառայությունները մատուցող ընկերությունների աշխատանքը, մյուս կողմից էլ սոցիալական այս ծանր պայմաններում կարողանանք քաղաքացիներին աջակցության ձեռք մեկնել»: