Կորոնավիրուսն արյան միջոցով չի անցնում, դոնորներին թեստ անել պետք չէ
Քանի որ կորոնավիրուսը հայաստանցի շատ հիվանդների մոտ, ինչպես բազմիցս հայտարարել է առողջապահության նախարարը, ընթանում է առանց ախտանիշների ու վարակի տարածմանը զուգահեռ նաև համացանցում արյան դոնորներ են փնտրում, Panorama.am-ը հետաքրքրվեց, արդյո՞ք արյուն հանձնելիս դոնորի մոտ ստուգում են կորոնավիրուսի առկայությունը։
Արյունաբանական կենտրոնից ի պատասխան փոխանցեցին՝ կորոնավիրուսն արյան միջոցով չի փոխանցվում։
«Բայց ցանկացած պարագայում, եթե դոնորի մոտ առկա են հարբուխի նշաններ, ջերմություն, գրիպանման երևույթներ, հատկապես, եթե դոնորը որևէ դեղամիջոց ընդունել է, նման պարագաներում արյուն չի վերցվում»,- նշեցին կենտրոնից։
Հստակեցնող հարցին, դոնորները արյուն հանձնելուց առաջ կորոնավիրուսի թեստ չե՞ն անում, ի պատասխան նշեցին, նախ կենտրոնը չունի նման թեստեր, ևս մեկ անգամ ընդգծեցին՝ հիվանդությունն արյան միջոցով չի փոխանցվում։