«Առաջարկում ենք սահմանափակել բոլոր ուղևորատար տրանսպորտային ընկերությունների գործունեությունը՝ այդ թվում մետրոյի և տաքսիների»
«Մենք պատրաստ ենք մեր ուժերը մեկտեղել՝ երկրի առաջ ծառացած մարտահրավերները լուծելու համար»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը։
Նա տեղեկացրեց, որ ՀՅԴ-ն երկրում արտակարգ իրադրության պայմաններից բխող անհրաժեշտ քայերի քաղաքական և մասնագիտական փաստաթուղթ է ստեղծել։
«Մենք, հաշվի առնելով երկրի առջև ծառացած մարտահրավերները, մեր աջակցությունն ենք հայտնում՝ այս խնդրի լուծման ուղղությամբ։ Եվ այն քաղաքական ուժերին, ովքեր փորձում են դաշնակցության քայլերին այլ բնորոշում տալ և կասկածի տակ առնել վերջինիս ընդդիմադիր կեցվածքը, ուզում եմ ասել, որ պետությունն ու քաղաքական իշխանությունը տարբեր բաներ են։ Ցանկացած իշխանություն, հատկապես այսօրվա ՀՀ իշխանությունը, անցողիկ է։ Մնայունը մեր պետությունն ու ժողովուրդն են։
Եվ մեր գլխավոր ու հիմնական նպատակը մեր պետության և ժողովրդի անվտանգությունն ու բարօրությունն է։ Եվ այս սկզբունքից ելնելով՝ մենք մեկ անգամ ևս պատրաստակամություն ենք հայտնում մեր ուժերը մեկտեղել՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու համար։ Սա բնավ չի նշանակում, որ մենք այսօր գոհ են մեր իշխանության քայլերից, բայց այսօր քաղաքական դիվիդենտներ հավաքելու ժամանակը չէ»,-նշեց Սաղաթելյանը։
Նրա խոսքով, արտակարգ դրության հայտարարման սկզբնական շրջանում անլուրջ վերաբերմունք կար, և իշխանությունը ամբողջությամբ չի հասկացել հարցի վտանգավորությունն ու հետևանքները։
«Առաջարկել ենք փաստաթուղթ, որի հիմքում այն է, որ մեր պետության և պարետատան առաքելությունը պետք է լինի համավարակի տարածման կանխարգելումը։ Եվ իշխանությունները հաճախ գնում են իրադարձությունների հետևից՝ հետ մնալով քայլառաջ անելուց և իրադարձությունները կանխելուց։
Մենք որպես առաջին քայլ ասում ենք, որ անհրաժեշտ է հենց այսօր դադարեցնել բոլոր տեսակի ձեռնարկությունների և կազմակերպությունների գործունեությունը՝ բացառությամբ կենսաապահովման օբյեկտների։ Ինչպես նաև առաջարկում ենք սահմանափակել բոլոր ուղևորատար տրանսպորտային ընկերությունների գործունեությունը՝ այդ թվում մետրոյի և տաքսիների։ Պետք է սահմանել որոշակի ուղերթներ, որոնք կիրականացվեն որոշակի ժամերի՝ խիստ հսկողության ներքո։ Այս օրերին խայտառակ իրավիճակ է, և անվտանգության որևէ նորմ չի պահպանվում հանրային տրանսպորտում»,- ներկայացրեց Սաղաթելյանը։
Վերջինիս նշեց, որ ՀՅԴ ԳՄ-ի պատրաստած քաղաքական և մասնագիտական փաստաթուղը երեկ ուղարկվել է ՀՀ կառավարությանը։
Հարակից հրապարակումներ`
- Սոցապ նախարարությունը դեռ չգիտի՝ արտակարգ դրության օրերին գործազուրկների թիվն որքանով կավելանա
- 24.03.2020. Կորոնավիրուսի հիվանդացության 235 հաստատված դեպք կա
- «Ժողովուրդ». Արտակարգ դրությունը ժամկետից շուտ կավարտվի՞, թե՞ 30 օրով կերկարաձգվի