Առաջարկվում է մինչև տարեվերջ երկարաձգել ցեմենտի ներկրման համար նախատեսված 14000 դրամ պետտուրքի ժամկետը
«ՀՀ ներմուծվող ցեմենտի համար սահմանված 14000 դրամ պետական տուրքի ժամկետն առաջարկում ենք երկարաձգել մինչև դեկտեմբերի 31-ը»,- այսօր խորհրդարանում ասաց էկոնոմիկայի նախարարի տեղական Ավագ Ավանեսյանը։
Նա տեղեկացրեց, որ ըստ ՀՀ պետական տուրքի մասին օրենքում 2019 թվականի հունիսի 3-ին կատարված փոփոխության, 14000 դրամ տուրքը սահմանվում էր մինչև 2020 թվականի ապրիլի մեկը։
Ավանեսյանի խոսքով, հուլիսից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում Իրանից ներմուծվող ցեմենտի ծավալները որոշակիորեն նվազել են, իսկ հայկական արտադրությունը որոշակիորեն անկում է ապրել։
«Այդ պատճառով առաջարկում ենք, որ այս պաշտպանական միջոցի (սահմանված տուրք) ժամկետը երկարաձգվի մինչև դեկտեմբերի 31-ը։ Պաշտպանիչ միջոցը կիրառվել է, քանի որ վերջին շրջանում Իրանում ռիալի փոխարժեքն անկում է ապրել, իրանական տնտեսությունը վերջին շրջանում անկում է ապրել, իսկ ցեմենտի արտադրության ծավալները չեն նվազել։
Սա էլ բերել է շուկայի գերծանրաբեռնվածության, ինչի պատճառով ցեմենտի գինը անկում է ապրել։ Իսկ դա երկարաժամկետ տևողություն չի ունենա, իսկ մեզ 10 տարի պետք է լինելու, որ այդ արտադրական ծավալը վերականգնենք։ Մեր գնահատականներով ՀՀ-ին տարեկան պետք է լինելու 1.8 միլիոն տոննա ցեմենտ, եթե մենք հասնենք զարգացած երկրների մակարդակին»,- ասաց Ավանեսյանը։
Նա տեղեկացրեց, որ ցեմենտի ներմուծման ծավալները որոշակիորեն կայունացել են նախորդ տարում՝ 16-17 հազար տոննա, փոխարենը կլինկերի ներմուծման ծավալի աճ կա.
«Ներքին երկու խոշոր արտադրողներից մեկը կարողանում է այս իրավիճակում մնալ մրցունակ, մյուսը շարունակում է ունենալ խնդիրներ։ Եվ շուկան ներկայումս համեմատաբար կայուն է, ու մենք առաջարկում ենք տուրքի այս ներգործությունը երկարաձգենք մինչև տարեվերջ»։
Խորհրդարանը քննարկում է «Պետական տուրքի մասին ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» և «Գործունեության իրականացման ծանուցման մասին ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը։
Հարակից հրապարակումներ`
- «Ցեմենտի արտադրության ծավալները 2 խոշոր գործարաններից միայն 1-ում են ավելացել, մյուս գործարանն ավելի մեծ խնդիրների առաջ է կանգնած»
- Իրանից ցեմենտ ներկրողները կշարունակեն տուրք վճարել մինչև հուլիս
- Տեղական ցեմենտ արտադրողին օժանդակող նախագիծը դեռևս չի ծառայում նպատակին. ՏԶՆԿ