Ցեմենտի արտադրության ոլորտի զարգացման համար կառավարությունը ռազմավարություն չի ներկայացրել
«Պետությունը պետք է ճյուղի վերաբերյալ ներկայացներ ռազմավարություն, որը չի արվել: Գնի նվազեցում էլ չի ապահովվել, ապրանքի որակի մասին էլ խոսք չկա: Մենք ակնկալում ենք կառավարության միջոցառումների ծրագիր, աջակցություն այս ոլորտի մրցունակության բարձրացման համար: Մենք չենք կարող երեք ամիսը մեկ նստել և քննարկել տուրքի բարձրացման հարցը»,- այսօր ԱԺ-ում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը Հայաստանում ցեմենտ արտադրող ընկերություններին աջակցելու միջոցառում նախատեսող «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ:
Հիշեցնենք, որ Կառավարությունը 2019 թվականին որոշում էր ընդունել ՀՀ ներմուծվող ցեմենտի համար սահմանել 14 հազար դրամ տուրք, քանի որ Իրանում արտադրվող և Հայաստան ներմուծվող ցեմենտը մի քանի անգամ էժան էր տեղական արտադրանքից: Նոր նախագծով առաջարկվում է երկարացնել տուրքի կիրառման ժամանակահատվածը:
«Ցանկացած պաշտպանիչ միջոցառում մեկ նպատակ ունի, բարձրացնել այդ ճյուղի մրցունակությունը: Մեզ համար կարևոր է այս ճյուղի մրցունակոթյունը և մրցակցությունը, որովհետև միայն այս դեպքում մենք կարող ենք ունենալ գնի իջեցում և որակի բարձրացում, իսկ սա բխում է սպառողի շահերից»,- հայտարարեց Խաչատրյանը։
Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյան, ներկայացնելով օրենքի նախագիծը, իր ելութում նշեց. «2019 թ. հուլիսից դեկտեմբեր ընկած ճամանակահատվածում իրանից ներմուծվող ցեմենտի ծավալներն որոշակիորեն նվազել են: 2018 թվականին ներմուծվում էր 19.2 հազար տոննա, իսկ 2019-ին արդեն 16.8 հազար տոննա էր: Այս ժամանակահատվածում Հայկական երկու արտադրողներից մեկը արտադրանքի ծավալների անկում է գրանցել, բայց ընկերություններից մեկը ծավալների աճ է ապահովել: Պատգամավորներն առաջարկել են այս սահմանափակումը ապրիլի 1-ից երկարաձգվի մինչև դեկտեմբերի 31-ը, ինչի հետ համաձայնել է կառավարությունը։
Ըստ փոխնախարարի, եթե ոլորտում կորուստ լինի, ապա 10 տարի պետք կլինի, որպեսզի Հայաստանին անհրաժեշտ ծավալները վերականգնվեն, որը կազմում է տարեկան 1.8 մլն տոննա:
«Տուրքի ներգործությունից հետո տեղի է ունեցել գնի կայունացում, որն իջել էր 2018 թվականին»,- նշեց փոխնախարարը և տեղեկացրեց, որ ցեմենտ արտադրող ընկերություններից մեկը տեխնոլոգիական փոփոխության արդյունքում ունեցել է արտադրանքի ինքնարժեքի անկում և մրցունակության մեծացում:
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արեգ Սարգսյանն իր ելույթում հիշեցրեց, որ Իրանի կառավարությունն իր արտադրողին աջակցելու համար նվազեցրել էր ցեմենտի գինը: «Իրանում ցեմենտի գինը նվազեց և ունեինք այն իրավիճակը, որ իրանական ցեմենտը սահմանին արժեր 10 հազար դրամ, երբ Հայաստանում ցեմենտը վաճառվում էր 50 հազար դրամով: Այդ ժամանակ Հայաստանում գները նվազեց 10 հազար դրամով, բայց էլի հայկական արտադրանքը մրցունակ չէր, քանի որ սահմանին 10 հազար դրամ էր և սպառողին հասնելուց հետո դառնում էր 25 հազար էր դրամ: Այդ պատճառով սահմանվեց 14 հազար ՀՀ դրամ տուրքը»,- հայտնեց պատգամավորը և կոչ արեց հաստատել նախագիծը:
Հարակից հրապարակումներ`
- Առաջարկվում է մինչև տարեվերջ երկարաձգել ցեմենտի ներկրման համար նախատեսված 14000 դրամ պետտուրքի ժամկետը
- «Ցեմենտի արտադրության ծավալները 2 խոշոր գործարաններից միայն 1-ում են ավելացել, մյուս գործարանն ավելի մեծ խնդիրների առաջ է կանգնած»