Ինչպես գերտերություն ԱՄՆ-ն չի կարողանում պայքարել կորոնավիրուսի դեմ
Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնն անդրադարձել է ԱՄՆ-ում կորոնավիրուսի տարածման ու թե ինչպես է ԱՄՆ-ն պայքարում, կամ չի կարողանում պայքարել վարակի դեմ։
Նշվում է, որ մարտի 25-ի դրությամբ ԱՄՆ-ում գրանցվել է կորոնավիրուսի ավելի քան 54 հազար դեպք, մահացությունների թիվը հասել է 782-ի, գրանցվել է առողջացման 378 դեպք։ Այսօրվանից ուժի մեջ են մտել 16 նահանգներում «Տանը մնա» նահանգային կարգադրությունները։ Այդ նահանգների թվում են Կալիֆորնիան, Կոնեկտիկուտը, Դելավերը, Հավային, Իլինոյսը, Ինդիանան, Լուիզիանան, Մասաչուսեթսը, Միչիգանը, Նյու Ջերսին, Նյու Մեքսիկոն, Նյու Յորքը, Օհայոն, Օրեգոնը, Վաշինգտոն նահանգը և Արևմտյան Վիրջինիան։ Այս նահանգների բնակչությունը կազմում է ԱՄՆ ընհանուր բնակչության թվի 40%-ը։
Մեկ շնչին ընկնող դեպքերի թվով առաջին տեղում է Նյու Յորքը, որին հաջորդում են Վաշինգտոն նահանգն ու Լուիզիանան։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության խոսնակը մարտի 24-ին նշել էր, որ վերջին 24 ժամում գրանցված դեպքերի 85%-ը Եվրոպայից և ԱՄՆ-ից են, որից 40%-ը ԱՄՆ-ում գրանցված դեպքերն են։ Հաշվի առնելով ԱՄՆ-ում դեպքերի շատ արագ տարածումը, խոսնակը նշել է, որ ԱՄՆ-ն կարող է դառնալ կորոնավիրուսի նոր էպիկենտրոն։
Վարակվածների թվում արդեն կան կոնգրեսականներ և մեկ սենատոր։ Նրանք են՝ կոնգրեսականներ Մարիո Դիազ- Բալարդը, Բեն ՄքԱդամսը։ Ներկայիս տվյալներով միայն մեկ սենատոր է վարակվել կորոնավիրուսով, նա հանրապետական Ռենդ Փոլն է։
Վաղ չորեքշաբթի ԱՄՆ սենատի առաջնորդներն ու Թրամփի ադմինիստրացիան հնգօրյա բանակցություններից հետո համաձայնության եկան իր չափերով աննախադեպ $2 տրիլիոն հատկացնելու օրինագծի շուրջ։ Այդ գումարը ուղղվելու է՝ օգնելու ԱՄՆ տնտեսությանը հաղթահարել կորոնավիրուսի հասցրած վնասը, այդ թվում տրամադրելով մի շարք ամերիկացիների $1,200֊ի վճարագրեր, ստեղծելով $367 միլիարդի վարկերի ծրագիր փոքր բիզնեսի համար և $500 միլիարդի ֆոնդ արտադրությունների, քաղաքների և նահանգների համար։
Ի թիվս կենցաղային նպատակով օգտագործվող ապրանքների ամերիկացիներն արձագանքում են աճող կորոնավիրուսի համաճարակին՝ նաև զենք ու զինամթերք գնելով: Ամբողջ երկրում զենքի խանութները հայտնում են զինամթերքի վաճառքի աճի ծավալների մասին, մարդիկ հսկայական հերթեր են ստեղծում զենք գնելու նպատակով։ Այս գործընթացը իր մեջ վտանգներ է պարունակում, քանի որ այն կարող է հանգեցնել ինքնասպանությունների և ընտանեկան բռնությունների զգալի աճի։
Կորոնավիրուսն իր ազդեցությունն է նաև ունեցել ԱՄՆ ընտրական գործընթացների վրա։ Վերջին նախնական ընտրությունները տեղի էին ունեցել մարտի 17-ին Արիզոնա, Ֆլորիդա և Իլինոյս նահանգներում։ Մյուս բոլոր ընտրությունների մի մասը նախատեսվում է իրականացնել փոստային տարբերակով, իսկ մյուս մասը՝ հետաձգել մայիս և հունիս ամիսներին։
Իր հերթին նախագահ Թրամփը երեքշաբթի օրը հույս է հայտնել, որ կորոնավիրուսի հետ կապված բոլոր սահմանափակումները կվերացվեն մինչ Զատիկ։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա