Աշխարհի տնտեսությունն ամենայն հավանականությամբ փլվելու է. Սիմոնյան
«Պետությունն իր հնարավորությունների սահմանում ամեն ինչ անելու է ժողովրդին օգնելու համար»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։
Նա նշեց, որ Հայաստանն այսօր՝ համաշխարհային այս իրավիճակում, ամենալավ դիրքում է գտնվում, նա ամենաշուտ արձագանքող և ամենաքիչ տուժած երկրներից է։
Հարցին՝ օրավարձով աշխատողները կարո՞ղ են վստահ լինել, որ քաղցած չեն մնա, Սիմոնյանը պատասխանեց՝ աշխարհի տնտեսությունն ամենայն հավանականությամբ փլվելու է, և հնարավոր է՝ աշխարհում ավելի վատ իրավիճակ լինի, քան 2008 թվականի տնտեսական ճգնաժամի ժամանակ.«Սա աղետ է, ժանտախտ է տիրում։ Իսկ ասել բա օրավարձով ապրողնե՞րը... Օրավարձով բնակարան տվողները ևս շատ են, իսկ էն մարդիկ ովքեր շինարարության վրա են աշխատո՞ւմ։ Պետությունը պետք է ամեն ինչ անի, որ հարվածը բոլորի համար մաքսիմալ մեղմացվի։ Էս պահին պետությունը հնարավորություն ունի, քանի որ երկու տարիների ընթացքում պետության բյուջեն գերակատարվել է, իշխանությունն էլ բյուջեից գումար չի գողացել»։
Արձագանքելով Էդմոն Մարուքյանի դիտարկմանը՝ արդյո՞ք տատիկ-պապիկները ունեն գումար, որ պարետատունը հորդորում է՝ առավոտյան միայն տատիկ-պապիկներին հնարավորություն տալ խանութ գնալու, Սիմոնյանն արձագանքեց՝ ամբողջ աշխարհում ծերերն ունեն այդ խնդիրները. «Մենք թոշակները բարձրացրել ենք, տանում ենք հասցնում մարդկանց տուն։ Արվում է ամեն ինչ։ Տարանջատել, ինչ-որ խնդիրներ գտնել, ես անկեղծ ասած, ճիշտ չեմ համարում։ Ես կարող եմ հիմա ասել՝ պետք է արագ բոլոր պատուհանները փակել, բոլորին փակել, բայց դրա պատասխանատվությունը պարոն Մարուքյանը չի կրելու»։
Ինչ վերաբերում է Մարուքյանի մյուս հայտարարությանը, թե իրենց ծաղրում էին, երբ իրենք առաջարկում էին փակել Իրանի հետ սահմանը, Սիմոնյանը նշեց, որ Իրանից վիրուսի տարածման ճյուղ չի եղել, ընդամենը մեկ վարակված քաղաքացի է եկել Իրանից։
«Կա արտադրամասի ճյուղը, որ Իտալիայից ժամանած քաղաքացու աշխատանքի հետևանքով է եղել։ Այդ քաղաքացին ոչ պատշաճ վարքագիծ է ցուցաբերել և թաքցրել է, և երկրորդը հայտնի նշանադրության ճյուղն է, որը նորից եկել է Իտալիայից։ Եվ անընդհատ ասել՝ եկեք այսպես անենք, եկեք այնպես անենք՝ չունենալով ոչ մի պատասխանատվության զգացում, պատճառ է դառնում, որ իրենց ձեռ առնեն։
Ես չեմ տեսել, որ իմ գործընկերները ձեռք առնեն, բայց եթե քաղաքացիների կողմից Մարուքյանը արժանացել է ձեռառնոցու, գուցե իր դեմագոգ հայտարարությունների պատճառով է։ Իսկ ես քաղաքացիների արձագանքի մասով չեմ կարող արձագանքել պարոն Մարուքյանին»,- ասաց Սիմոնյանը։
ԱԺ փոխխոսնակը վստահեցրեց՝ կողքից խորհուրդներ տալը, ասելը՝ այսպես կամ այնպես անելը ճիշտ է, շատ հեշտ է.
«Այսօր կա փաստ, որ Հայաստանն այսօր չունի դատարկ սննդի խանութներ, որ այստեղ ինֆորմացիան ամբողջությամբ փոխանցվում է»։
Սիմոնյանը շեշտեց՝ պետությունն ամեն ինչ անելու է՝ մաքսիմալ մեղմելու ժողովրդի վիճակը։
«Մենք տասնյակ հազարավոր ձեռներեցներ ունենք, տարբեր բնագավառներում։ Տուրիզմը, հյուրանոցները, ռեստորանները, հասարակ քաղաքացիները, որ կումնալ են վճարում, մենք պետք է բոլորին մաքսիմալ օգնենք։ Միևնույն ժամանակ պետք է հստակ հասկանանք՝ մենք չգիտենք, թե սա ինչքան է տևելու։ Մենք պետք է դա գիտակցենք։ Սա կարող է շատ երկար տևել։ Սա պատերազմին հավասար մի բան է, և մենք գտնվում ենք դրա մեջ։ Մեր ռեսուրսները պետք է այնպես բաշխենք, որ հնարավորինս երկար դիմակայենք»,- ասաց Սիմոնյանը։
Հարակից հրապարակումներ`
- Օրավարձով ապրող մարդիկ, այսօր, ըստ էության, սովի են մատնված. Մարուքյան
- Ծառուկյան. Բայց խի՞ պետք է վճարեմ
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին