Հայոց ցեղասպանության թանգարանի ժամանակավոր ցուցադրությունները՝ առցանց
Հայոց ցեղասպանության թանգարանի ժամանակավոր ցուցադրություններին կարելի է ծանոթանալ առցանց։ Հայտնում են թանգարան-ինստիտուտից։
2019-ի աշնանը Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտը կազմակերպել է «Հայերի փրկության գործը Մերձավոր Արևելքում 1915-1923 թվականներին. ազգային միասնությունից դեպի վերածնունդ» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը:
Թանգարանից տեղեկանում ենք, որ ցուցադրության շրջանակներում ներկայացվել են բացառապես հայկական կողմի կատարած ներդրումը ցեղասպանությունը վերապրողների փրկության գործում: Առանձին խորագրերով լուսաբանվեցին հայկական հոգևոր կառույցների ունեցած դերակատարումը: Ներկայացվեցին նաև հայկական կազմակերպություների` ՀԲԸՄ, Հայ ազգային Միության, Եգիպտոսի հայ որբախնամի, Միջագետքի հայկական կազմակերպությունների, Հայկական կարմիր խաչի գործունեությունը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության, ապա՝ ՀԽՍՀ կառավարությունների իրականացրած որբախնամ ձեռնարկումները:
Ընդարձակ խորագրերով ներկայացվել են նաև այն անհատները, ովքեր Միջագետքի անապատներում, Արևմտյան Հայաստանի տարածքում զբաղվել են որբահավաք աշխատանքներով, որբերի, կանանց ապաստարանի ու կեցության հարցերով:
Ժամանակավոր ցուցադրության խորագրերն ու լուսանկարները՝ այստեղ։
Հայոց ցեղասպանության տարիներին Արևմտյան Հայաստանի և Օսմանյան կայսրության հայաբնակ այլ վայրերի խաղաղ բնակչության տեղահանության հետևանքով 1915 թ. ամռանը և աշնանը հայության մի ստվար զանգված հայտնվել էր սիրիական անապատներում: Ցեղասպանության ընթացքում հայերը կանգնած էին ոչ միայն բնաջնջման, այլև ձուլման վտանգի առջև: Տասնյակհազարավոր կանայք ու երեխաներ ենթարկվում էին սեռական բռնությունների, կրոնափոխության` իսլամական միջավայրում աստիճանաբար կորցնելով իրենց ազգային ինքնությունը։ Երիտթուրքական կառավարության հրամանով և անմիջական վերահսկողությամբ Օսմանյան կայսրության ողջ տարածքում հայ որբերի համար պետական միջոցներով հիմնվում էին որբանոցներ, որտեղ հայ երեխաները թրքացվում ու իսլամացվում են:
Այս հումանիտար աղետի հետևանքները մեղմելու նպատակով հայկական ու միջազգային բարեգործական կազմակերպությունները զգալի ջանքեր են գործադրում։ Հայոց ցեղասպանությանն ու դրան հաջորդած տարիներին վերջիններիս նպատակը ոչ միայն տարագիրների առաջնային կարիքներն ապահովելն ու օգնություն տրամադրելն էր, այլև հայ երեխաների և կանանց ազատագրումը: Սկսվում է մի մեծ շարժում, որը համախմբում է ազգային բոլոր հաստատություններին, քաղաքական ուժերին ու անհատներին:
Արևմտյան Հայաստանի տարածքում ռուսական զորքերի ու հայ կամավորների նախաձեռնությամբ սկսվում են որբահավաք աշխատանքներ։ Սեբաստացի Մուրադն ու Կայծակ Առաքելը Երզնկայում կազմակերպում են որոնողական խմբեր՝ թրքացած ու քրդացած հայ երեխաներին ու կանանց փրկելու նպատակով: Սկիզբ է դրվում «Մեկ հայ՝ մեկ ոսկի» առաքելությանը։ Արևմտյան Հայաստանի տարածքում որբահավաք աշխատանքներ են իրականացնում օտարերկրյա կազմակերպությունները, ինչպես նաև հայ անհատներն ու հայրենակցական միությունները: Եկեղեցիներն ու դրանց հարակից տարածքները վերածվում են փրկության կենտրոնների, որտեղից գաղթական երեխաները տեղափոխվում էին որբանոցներ: Կիլիկիայից և Միջագետքի անապատներից որբահավաք աշխատանքներին ակտիվորեն մասնակցում են նաև Արևելյան լեգեոնի կազմում կռվող հայ զինվորականները: Փրկագնման գործընթացն ու փրկվածների նվազագույն կարիքների ապահովումը հսկայական ֆինանսական միջոցներ էր պահանջում: Խնդիրը լուծելու նպատակով աշխարհի տարբեր վայրերում կազմակերպվում են «Որբերի կիրակի», «Որբերի փրկության շաբաթ», «Փրկենք անապատի որբերը» կարգախոսներով հանգանակություններ: Հանրությանն իրազեկելու նպատակով տպագրվում են գրքեր, ալբոմներ, որոնց հասույթը փոխանցվում է խնամատարության գործին: Այս ամենն իրականացվում է «վաղն արդեն ուշ է լինելու» կամ «միայն հայուն դրամը կարող է հային փրկել» կարգախոսներով։
1919-1920 թթ. միայն Կիլիկիայի Ադանա, Հաճըն, Դյորթ Յոլ, Հարունիե, Օսմանիե, Տարսոն, Մերսին, Մարաշ, Այնթապ քաղաքների որբանոցներում իրականացվում է շուրջ 10 հազար որբի խնամք։ 1922 թ. ապրիլին Ուրֆայի շրջակայքից, Մարդինից, Խարբերդից և Մալաթիայից շուրջ 8.000 որբեր շվեյցարացի միսիոներ Յակոբ Կյունցլերի անմիջական պատասխանատվությամբ տարհանվում և տեղաբաշխվում են Սիրիայի ու Լիբանանի որբանոցներում: Կիլիկիայի հայաթափումից հետո շուրջ 20 հազար որբեր ապաստան են գտնում Հալեպ, Ջբեյլ, Մամելթեյն, Ղազիր, Ջունիե, Բեյրութ, Սայդա և Դամասկոս քաղաքներում: Նրանց մի մասն էլ տեղափոխվում է Հունաստան, որտեղ որբախնամ գործը հիմնականում իրականացնում է Մերձավոր Արևելքի ամերիկյան նպաստամատույց կազմակերպությունը: Կորֆուի հայկական որբանոցի խնամատարությունն ստանձնում է բրիտանական «Լորդ քաղաքագլխի» հիմնադրամը:
Արևելյան Հայաստանում ապաստանած որբերի մեծ մասը 1915 թ. Վասպուրականից և հարակից շրջաններից ներգաղթած, ինչպես նաև 1918-1920 թթ. ռազմական գործողությունների հետևանքով որբացած երեխաներ էին՝ ավելի քան 45 հազար, որից 30 հազարը ապաստան են գտել Ալեքսանդրապոլում։ Վերջիններս գտնվել են Հայաստանի Հանրապետության, ապա՝ ՀԽՍՀ կառավարությունների հոգածության ներքո՝ Մերձավոր Արևելքի ամերիկյան նպաստամատույցի օժանդակությամբ: Հայության բեկորների փրկության գործն իրական դարձավ համախմբվածության և մեկ միասնական գաղափարով առաջնորդվելու շնորհիվ՝ շարունակվելով մինչև 1930-ականների սկիզբը։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան