Օրավարձով ապրող մարդիկ, այսօր, ըստ էության, սովի են մատնված. Մարուքյան
«Օրավարձով ապրող մարդիկ, այսօր, ըստ էության, սովի են մատնված»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
Նրա խոսքով, աշխարհի որևէ երկրում չկա իրավիճակ, որ մարդկանց ասեն նստեք տանը, և նրանց հացի խնդիրը չլուծեն. «Կոմունալների վարձերն ուզում են, էլցանցից ասել են՝ չեն անջատի հոսանքը, բայց գազից և ջրից դեռ նորություն չունենք։
Պետք է համակարգային լուծում լինի։ Հենց հիմա ԿԲ-ում մեր պետությունն ունի 377 մլրդ դրամ փող, դա մեր ժողովրդի փողն է։ Հիմա գոնե օրավարձով ապրող խմբին պետք է պետությունը աջակցի, թե՞ ոչ։ Որևէ խոսք չկա դրա մասին։ Ո՞նց պետք է էդ մարդիկ ապրեն։ Կամ, որ ասում են՝ առավոտյան ժամերին թողնենք՝ տատիկ-պապիկները գնան խանութ, ոչևէ մեկը հարցրե՞լ է՝ էդ տատիկ-պապիկները փող ունե՞ն»,- ասաց Մարուքյանը։
Ըստ պատգամավորի, պետք է թիրախային լուծում լինի, և եթե անգամ բանկերին գումար տրամադրվի, որ 0 տոկոսով վարկեր տան, պարզ չէ՝ ով՞ կտա, ե՞րբ կտա, կամ դա ի՞նչ կապ ունի օրավարձով աշխատողի հետ։
«Այս հարցերի վերաբերյալ կառավարությունը որևէ լուծում չի առաջարկում։ Օրավարձով ապրող մարդուն ի՞նչ ա տալիս էն, որ Բաբելոնին հաղթել ենք։ Հիմա սոցապ նախարարը գիտի՞՝ քանի օրավարձով ապրող մարդ է տանը նստած։ Նա գիտի՞՝ քանի մարդ է մնացել անգործ»,- ասաց Մարուքյանը։
Նա վստահեցրեց՝ օրական տասնյակներով նամակներ է ստանում, որ քաղաքացիները բողոքում են՝ նշելով, որ չգիտեն՝ ինչպես պետք է վարկերը փակեն. «Քիչ է մնում Լյուսի Քոչարյանի նման սկսեմ նամակները հերթով հրապարակել»։
Մարուքյանը նշեց, որ ՊԵԿ-ը արտգելանքներ է դնում հաշիվների վրա, քանի որ ինչ-որ պարտավորություններ չեն կատարվել։
«Դա արվել է օրինական, բայց մարդիկ հարցնում են՝ դա նորմա՞լ է, որ էս պայմաններում նման բան է արվում։ Պետք է ինչ-որ ձևով հարկային վարչարարությունը մեղմացվի։ Դրան գումարած բազմաթիվ ընկերություններ չեն գործում, և հետո պիտի սկսեն աշխատել, գնալու են իրենցից հարկ ուզեն։ Բացի այդ ընկերություններ կան, որ մարդկանց ազատում են աշխատանքից։ Հիմա պետք է նախ օրավարձով ապրող մարդկանց օգնություն ցուցաբերվի, հետո՝ տնտեսվարողներին։ Բազմաթիվ մարդիկ այսօր վարձով են ապրում, այդ տան վարձն ուզում են, քաղքապետը պետք է քայլ աներ, պետք է իմանար՝ քանի մարդ է վարձով ապրում, տան տերերին պետք է ասեր՝ մի ուզեք գումար»,-ասաց Մարուքյանը։
Նա վստահեցրեց, որ իրավիճակին իշխանություններն անլուրջ են վերաբերվում. ԱՀԿ-ն համաճարակ էր հայտարարել, իսկ Հայաստանում համաճարակ էր։
Հարցին՝ արդյոք պնդում է իր տեսակետը, որ ԱԺ նիստը պետք է հետաձգվեր, Մարուքյանը պատասխանեց՝ երբ խորհրդարանի լիազորությունները մեծացնելու հարց ենք առաջացնում, մերժվում է, երբ ասում ենք՝ եկեք նիստը հետաձգենք, մարդիկ հիշում են, որ խորհրդարանական երկիր ենք.
«Ես առաջարկում էի ԱԺ խորհուրդը մնա, մյուսները գնան տուն։ Խորհրդարանը որևէ հրատապ նախագիծ չի քննարկել։ Հիմա Ուկրաինայի իմ գործընկեր պատգամավորներից մեկը գրել է, որ այնտեղ արդեն երեք պատգամավոր վարակված է։ Բազմաթիվ երկրներում նիստերն օնլայն են անցկացվում, իսկ մենք չունենք օրենսդրական հնարավորություն՝ նիստերն օնլայն անելու»։
Հարակից հրապարակումներ`
- Պետությունը պետք է աջակցի փակված ընկերությունների աշխատակիցներին. Մարուքյան
- Աստված չանի այդ օրն ընկնեմ, որ Ձեր հույսին մնամ. Հայրապետյանը՝ Մարուքյանին
- Մարուքյանն առաջարկեց ԱԺ նիստը հետաձգել` օրինակ ծառայելով քաղաքացիներին