Կոմունալ ծառայությունների անջատումներ չեն լինի. Փաշինյան
«Կառավարությունն աջակցելո՞ւ է օրավարձով ապրող անձանց, որպեսզի նրանք կարողանան իրենց առօրյա խնդիրները լուծել»,- այսօր խորհրդարանում Կառավարություն-Աժ հարց ու պատասխանի ընթացքում նման հարց հնչեցրեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
Նա ասաց, որ բազմաթիվ ահազանգեր է ստանում, որ կոմունալ վճարումներն ուշացնելու պատճառով գազն անջատում են. «Էլեկտրաէներգիայի անջատումներ չեն լինում, քանի որ կա պայմանավորվածություն։ Եվ տեսեք, օրավարձով աշխատող մարդիկ հիմա են վճարում փետրվարին օգտագործած հոսանքի համար։ Բայց վերջին 10-15 օրվա ընթացքում այդ մարդիկ չեն աշխատել և գումար չունեն»։
Պատասխանելով պատգամավորի հարցին՝ Փաշինյանը նշեց, որ տնտեսական և սոցիալական աջակցությունն այս օրերի ամենակարևոր թեմաներից մեկն է։
«Մեր մոտեցումն այն է, որ այդ աջակցությունը պետք է լինի հասցեական։ Ես անձամբ, լրագրող եղած տարիներին, տասնյակ անգամ ի ցույց եմ դրել, թե ինչպես են նման էմոցիոնալ վիճակներում օգտվում ոչ թե կարիքավորները, այլ նրանք, ովքեր դրա կարիքը չունեն։ Մեր բոլոր՝ տնտեսական և սոցիալական ուղղվածությամբ գործողությունները լինելու են հասցեական։
Այնուամենայնիվ, այնտեղ, որտեղ մենք պետք է աջակցություն ցուցաբերենք, ցուցաբերելու ենք հանրային միջոցներով։ Ճգնաժամն անցնելու է, և մենք պետք է հանրությանը հաշվետվություն տանք, թե էդ միջոցները ինչպես օգտագործեցինք, որքանով ճիշտ և հասցեական եղավ դա։ Նույնը վերաբերում է կոմունալ վճարումներին։ Այսօր կա կոնտեքստ, որ կոմունալ վճարները հետաձգենք։ Հարց՝ պետական աշխատողների կոմունալները ինչո՞ւ պետք է հետաձգվեն։ Եվ օրինակ, ապահովված խավի կոմունալ վճարումները ինչո՞ւ պետք է հետաձգվեն»,- ասաց Փաշինյանը։
Ըստ նրա, սոցիալապես անապահով որոշ խավերի համար կյանքն, ըստ էության, չի փոխվել, մարդը նպաստառու է և շարունակում է նպաստ ստանալ. «Գների մեջ էլ փոփոխություններ չեն եղել։ Այս ընթաքում պարետն անընդհատ կապի մեջ է եղել և ձեռք է բերել պայմանավորվածություն՝ կոմունալ ծառայությունների անջատումներ չեն լինի։ Պայմանավորվածություն կա նաև «Գազպրոմ Արմենիայի» հետ։ Ինչու մենք դա ավելի վաղ չէինք ասում, քանի որ վախենում էինք՝ դա կդառնար կոմունալները չվճարելու ազդանշան։ Հենց առաջին օրվանից պարետն զբաղվել է այդ հարցով»,- ներկայացրեց վարչապետը։
Մարուքյանն էլ համաձայնեց, որ պետք է աջակցությունը թիրախային լինի. «Հիմա սոցցանցերում մարդիկ գրում են, որ իրենց գազն անջատել են։ Կարո՞ղ ենք ասել, որ հիմա ում գազն անջատել են, կմիացնեն։ Եվ մի հարց էլ՝ հաշվառում կատարվե՞լ է՝ քանի օրավարձով ապրող մարդ է հիմա տանը նստած»։
Փաշինյանն էլ արձագանքեց՝ ենթադրենք հիմա ինչ-որ մեկի գազն անջատել են, եթե էդ մարդը 2 մլն դրամի գազ է սպառել և չի վճարել, ճիշտ են արել, որ անջատել են։
«Ենթադրվում է չէ՞, որ եթե մի ամսում մարդը 2 մլն-ի գազ է սպառել, ինքը հոգապահուստ փող ունի։ Թող տանի, վճարի։ Իսկ եթե անապահով խավի գազն են անջատել, այո, կմիացնեն։ Ես չեմ ուզում, որ մենք խթանենք սպեկուլյացիաները»,- եզրափակեց խոսքը Փաշինյանը։
Հարակից հրապարակումներ`
- Աշխարհի տնտեսությունն ամենայն հավանականությամբ փլվելու է. Սիմոնյան
- Օրավարձով ապրող մարդիկ, այսօր, ըստ էության, սովի են մատնված. Մարուքյան