Գեորգի Ավետիսյան. Կան շատ տնտեսվարողներ, որ մինչև հիմա չեն հասկացել ցուցումների լրջությունը
Մինչև արտակարգ դրությունը տեսչական մարմինը հրատարակել էր ցուցումներ ու բաժանել տնտեսվարողներին լրացուցիչ ախտահանման աշխատանքների վերաբերյալ։ Կառավարության մամուլի կենտրոնում մեկնարկած ասուլիսում հայտարարեց Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը՝ ներկայացնելով արտակարգ դրության պայմաններում սննդամթերքի անվտանգությանն ուղղված միջոցառումներն ու դրանց վերահսկողությունը:
Տեսչական մարմնի աշխատակիցները իրականացնում են ստուգայցեր, դիտարկումներ՝ հետևելու թե իրենց, թե պարետի ցուցումների կատարման ընթացքին։
«Մենք անընդհատ կապի մեջ ենք խոշոր տնտեսվարողների հետ, մեզ ուղարկվում են լուսանկարներ, տեսանկարահանումներ, թե ինչպես են իրականացվում ախտահանումն ու այլ միջոցառումները՝ ապահովելու սանիտարահիգիենիկ պայմանները»,- ասաց Ավետիսյանը։
Տեսչական մարմնի ղեկավարն ընդգծեց՝ սննդամթերքից կորոնավիրուսով վարակվել հնարավոր չէ։
Ինչ վերաբերում է հարցին, թե հետևո՞ւմ են, որ հացը լինի փաթեթավորված, Ավետիսյանն ասաց, իրավական առումով այս հարցը կարգավորված չէ, բայց շատ տնտեսվարողներ սեփական նախաձեռնությամբ առանձին դարակաշարերում դասավորված հացերը ծածկում են թղթով, պոլիէլիթիլենային տոպրակով։
«Հացը գնորդին տալու ժամանակ պարտադիր կերպով պետք է օգտագործել ձեռնոց, փոխանցելուց հետո պետք է ձեռնոցը հանել, նոր վերցնել գումարը։ Կան շատ տնտեսվարողներ, որ մինչև հիմա չեն հասկացել ցուցումների լրջությունը, չեն հասկացել, որ իրենք ցուցումները չկատարելով կպատժվեն»,-ասաց տեսչական մարմնի ղեկավարն ու հույս հայտնեց, որ այսօր կլինեն լուրեր այն տնտեսվարողներին պատժելու մասին, որոնք իրենց աշխատակիցներին չեն ապահովել դիմակներով, ձեռնոցներով ու այլ միջոցներով։
Անդրադառնալով սուպերմարկետների ախտահանման նյութերի՝ սննդամթերքի վրա ունեցած հնարավոր ազդեցության վերաբերյալ հարցին, Ավետիսյանն ասաց, ախտահանման աշխատանքները հիմնականում իրականացվում են սպիրտ պարունակող նյութերով, որոնք որևէ կերպ չեն ազդում սննդամթերքի վրա, քլոր պարունակող նյութերով կարելի է ախտահանել միայն հատակը։