Հայաստանում օրավարձով աշխատողներ չկան. Փաշինյան
«Ճիշտ է այն թեզը, որ պետական համակարգի 203 հազար աշխատողները այս կամ այն կերպ պաշտպանված են, բայց վերջերս շատ ենք խոսում օրավարձով աշխատող մարդկանց մասին։ Այդ քաղաքացիների նույնականացումը ի՞նչ ձևով է կատարվելու»,- այսօր խորհրդարանում Կառավարություն-Աժ հարց ու պատասխանի ընթացքում նման հարց հնչեցրեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը ՝ դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
Ըստ նրա, տնտեսական զարգացման առումով Հայաստանն ունի 67 հազար միջին ձեռնարկություն, որոնք տալիս են ՀՆԱ-ի 25%-ը.
«Հիմա եթե ընդունենք, որ այդ 67 հազարն էլ փակվում են, մենք կարողանալու ենք մի բան անել, որ այդ ձեռնարկություններն իրենց ապագայի վերաբերյալ ունենան որոշակի պատկերացումներ»։
Պատասխանելով պատգամավորի հարցին՝ վարչապետ Փաշինյանը նշեց, որ Հայաստանում օրավարձով աշխատողներ չկան։
«Մենք մեկ և կես տարի մարդկանց կոչ ենք անում մտնել իրավական դաշտ, գրանցել աշխատողներին և նրանց եկամուտը։ Հայաստանում օրավարձով աշխատող հասկացություն գոյություն չունի՝ կան գրանցված և չգրանցված աշխատողներ։ Ընդ որում, պարտավորություն կա, որ բոլորը պետք է գրանցված աշխատեն։ Հիմա գրանցված աշխատողները կզգան իրենց կարգավիճակի առավելությունները։
Քանի որ մենք իրենց գտնում ենք, գիտենք՝ վերջին երկու ամսում այդ մարդն ինչքան աշխատավարձ է ստացել, և այս ընթացքում որքան գումար է կորցրել, որպեսզի մենք իր սոցիալական վիճակը հնարավորինս էս ճգնաժամային վիճակում կառավարենք»,- ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով, օրավարձով աշխատող քաղաքացիներն, ովքեր գրանցված չեն, և ընդհանրապես, ստվերում աշխատող քաղաքացիները, ովքեր թքած ունեն կառավարության կոչի վրա, նույնականացման խնդիր ունենալու են։
«Բայց մենք համարում ենք, որ իրենք մեր քաղաքացիներն են, և իրենց օգնելու համար պատրաստ ենք անել քայլեր։ Հիմա ո՞նց պարզենք իրենց։ Մեր կանխավարկածը հետևյալն է. իրենք սոցիալապես որոշակի ոչ այդքան պաշտպանված խավի մեջ են, ուրեմն պետք է մեր տվյալների բազայում գրանցված լինեն։
Այդ բազաներից մեկը «Փարոս» համակարգն է, որտեղ հնարավոր է իրենք արտացոլված լինեն։ Հաջորդն այն քաղաքացիներն են, ովքեր վերջին չորս-հինգ ամիսներին դիմել են այդ համակարգում ներգրավվելու համար, բայց դեռ չեն ընդգրկվել։ Երրորդ հնարավոր սեգմենտը որպես գործազուրկ գրանցված մարդիկ են։ Իսկ այն մարդիկ, ովքեր չգրանցված են աշխատում, մենք իրենց գտնել չենք կարող։ Եվ եթե իրենք հայտարարեն, որ աշխատել են, չեն կարողանալու դա ապացուցել»,- տեղեկացրեց Փաշինյանը։
Մելքումյանը խնդրեց հստակեցնել՝ իսկ ինչ է լինելու, եթե 67 հազար ՓՄՁ-ներն էլ դիմեն 0 տոկոս տոկոսադրույքով վարկ ստանալու համար։
Փաշինյանն ի պատասխան նշեց, որ շատ ՓՄՁ-ներ շատ լավ աշխատում են. «Օրինակ, մարտի 13-ից 24-ն ընկած ժամանակահատվածում 4000 քաղաքացի աշխատանքի է ընդունվել։ Այսինքն՝ շուկայում վերադասավորումներ են տեղի ունենում։ Ինչ վերաբերում է վարչարարությանը, ապա հենց այդ նպատակով ենք մենք բանկերին ներգրավել, որպեսզի նրանք արագ իրականացնեն այդ գործընթացը»։
Հարակից հրապարակումներ`
- Կոմունալ ծառայությունների անջատումներ չեն լինի. Փաշինյան
- Որպես խնդիր մնացել է առողջապահական բնույթի սարքավորումների ներմուծման հարցը. Գրիգորյան
- Օրավարձով ապրող մարդիկ, այսօր, ըստ էության, սովի են մատնված. Մարուքյան