Որպես խնդիր մնացել է առողջապահական բնույթի սարքավորումների ներմուծման հարցը. Գրիգորյան
«ՌԴ-ն դադարեցրել է բոլոր հացահատիկային մշակաբույսերի արտահանումը, դա ինչպե՞ս կանդրադառնա մեր պարենային անվտանգության վրա»,- այսօր խորհրդարանում Կառավարություն-Աժ հարց ու պատասխանի ընթացքում նման հարց հնչեցրեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանը։
Պատասխանելով պատգամավորի հարցին՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշեց, որ նման խնդիր առաջացել էր, և հարցը բարձրացվել է ԵԱՏՄ հարթակում։
«Պայմանավորվածություն կա, որ նման իրավիճակները կբացառվեն, ուղղակի ռուսական կողմը խնդիր է դնում, որ ԵԱՏՄ տարածքում՝ յուրաքանչյուրս մեր սահմանի համար արտահանման արգելք դնենք, որպեսզի երրորդ երկիր արտահանում չլինի։ Հարցն ամբողջապես կկարգավորվի ապրիլի 3-ին, իսկ այս պահին նման խնդիր չկա»,- ասաց Գրիգորյանը։
Նրա խոսքով, որպես խնդիր մնացել է առողջապահական բնույթի սարքավորումների ներմուծման հարցը, որը քննարկվում է. «Դրա լուծումների մասով այս պահին ոչինչ ասել չեմ կարող, որովհետև խնդիրը ՌԴ-ում շատ խիստ է դրված, բայց կարծում եմ՝ ինչ-որ լուծումների կգանք»։
Արձագանքելով փոխվարչապետի պատասխանին՝ Եղիազարյանը նշեց, որ նման պարագայում, ելնելով համաշխարհային իրավիճակից, ՌԴ-ն սահմանափակումներ է կիրառում, գուցե ՀՀ-ն նույնպես կարևորագույն նշանակություն ունեցող սննդամթերքի արտահանման համար սահմանափակումներ կիրառի։
Պատգամավորի հարցին ի պատասխան փոխվարչապետը տեղեկացրեց, որ նման խնդիր դեռևս չկա։
«Բայց եթե նման հարց լինի, կարծում եմ, պարետը բավականին մեծ գործիքակազմ ունի, որպեսզի կարգավորի խնդիրը։ Բայց պետք է ուշադիր և հավասարակշռված լինենք, քանի որ նման գործողության դեպքում մյուս երկրներն էլ կարող են նույնն անել։ Եվ այստեղ արտահանման և ներկրման բալանսը պետք է պահպանվի։ Պետք է հստակ գիտակցենք՝ ինչ ենք անում»,- եզրափակեց խոսքը Գրիգորյանը։