Ծաղկի, խաղալիքների խանութների գործունեությունն արգելված է, օծանելիքինը՝ ոչ.Վարոս Սիմոնյան
Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանն այսօր տեղի ունեցած ասուլիսում անդրադարձավ տնտեսական գործունեության տեսակների նկատմամբ կիրառվող սահմանափակումներին։
Նա նշեց, որ այսօր առավոտյան որոշակի փոփոխություններ են տեղի ունեցել տնտեսական գործունեության սահմանափակումների ցանկում: Մասնավորապես, ցանկում ավելացել են այն գործունեության տեսակները, որոնք ուղղակիորեն կապված են եղել սահմանափակումներից բացի բացառություն ունեցող տնտեսական գործունեությունների հետ, որոնք թույլատրվում է իրականացնել ՀՀ ողջ տարածքում:
Միևնույն ժամանակ, ըստ փոխնաարարի, գործել է կառավարության թեժ-գիծը, որը գործել է այս տնտեսական գործունեության սահմանափակումների մասին վերաբերյալ հարցերին պատասխանելու համար:
Նրա խոսքով՝ իրավիճակից ելնելով հնարավոր են նոր խստացումներ կամ թուլացումներ: Առհասարակ, ըստ նրա, տնտեսական գործունեությունը կապված է լինելու տեղաշարժի սահմանափակումների հետ:
Վարոս Սիմոնյանը մանրամասնելով, թե խոսքը որ տնտեսվարողների գործունեության հետ է կապված, նշեց. «Ծաղկի խանութի գործունեությունն արգելված է, սահմանափակումները վերաբերում են տեղաշարժի հետ: Օծանելիք, հիգիենայի պարագաների դեպքում խանութի գործունեությունը թույլատրվում է, շինարարական և խաղալիքների խանութների գործունեությունը ևս դադարեցված են : Ինչ վերաբերում է գրախանութներին, ապա , եթե այնտեղ գրենական պիտույքներ են վաճառում, արգելված չէ»:
Էկոնոմիկայի նախարարի տեղակալի փոխանցմամբ՝ կլինեն գործունեության տեսակներ, որոնք կարող են բացառության ցանկից հանվել, թեև հիմնական նախապայմանը մնում է տեղաշարժի սահմանափակումը: